Լուրեր
Ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ․ Աբրահամյան
04.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ:
Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին:
Ինչ վերաբերվում է Սևանա լճի ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ արբեջանական հավակնություններին, ապա Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, բազմաթիվ քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, իսկ Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերը` խիստ աղավաղված:
Ես չեմ պնդում, որ Ադրբեջանը վաղը, մեկ ամսից, մեկ տարուց պատերազմ է սանձազերծելու, սակայն ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ»:
