Լուրեր
Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցողներ անձանց դեմ․ Աբրահամյան
16.11.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցողներ անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում:
Հասկանալի է, որ հարցը ոչ թե կոնկրետ հրապարակումն է, այլ այն, որ ռեժիմը առիթ է փնտրում լրատվամիջոցներին, նրա խմբագիրներին և լրագրողներին թիրախավորելու համար:
Այն իշխանությունը, որը պատասխանատու է իր քարոզչամիջոցներով ամենօրյա կեղծիքի, զրպարտության և վիրավորական կոնտենտի համար, խոսում է ԶԼՄ-ների ոլորտի էթիկայի կամ հրապարակվող կեղծիքի մասին:
Սաթիկ Սեյրանյանը լրատվական դաշտի այն դեմքերից է, ով ունի հստակ սկզբունքներ ու օրվա իշխանության տարաբնույթ ճնշումների և հարձակումների պայմաններում շարունակում է հարթակ տրամադրել այն գործիչներին, փորձագետներին, դեմքերին, ովքեր իշխանությունից տարբերվող տեսակետներ ունեն:
Ակնհայտ է, որ սա ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի եզակի դեպք չէ և իշխանությունն ընտրություններից առաջ նոր օպերացիաներ է պլանավորել»:
