Լուրեր
Այսօր Ուսանողների միջազգային օրն է․ Հարությունյան
17.11.2025
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Ուսանողների միջազգային օրն է։
Հայաստանում ուսանողը միշտ եղել է փոփոխության շարժիչ ուժը, ոչ միայն լսարաններում կրթություն ստացող երիտասարդ, այլ հասարակական վերաբերմունք ձևավորող, հարցեր բարձրացնող և անարդարության դեմ կանգնող քաղաքացի։
Սակայն վերջին տարիներին ակնհայտ է մի բան՝ իշխանությունը փորձում է թուլացնել հենց այդ ուժը։
Ուսանողական ինքնակառավարման մարմինների հեղինակազրկում, բուհերում տարաբնույթ ճնշումներ, կրթության որակի անկում, ուսման վարձերի սահմանաչափերի բարձրացում, ուսանողին «լուռ» ու «հարմար» դարձնելու փորձեր։ Բայց պատմությունն ապացուցել է՝ երբ ուսանողը լռում է, լռում է նաև երկրի ապագան։
Ուսանողների պայքարը երբեք միայն ուսանողական հարցերի համար չի եղել։
Դա պայքար է ազատ խոսքի, արդար բուհական քաղաքականության, անվտանգ ու կանխատեսելի ապագայի համար։
Այսօր ուզում եմ շնորհավորել բոլոր այն ուսանողներին, ովքեր շարունակում են ձայն բարձրացնել՝
անկախ ճնշումներից, անկախ անտարբերությունից, անկախ նրանից, որ երբեմն թվում է՝ ոչինչ չի փոխվում։
Փոխվում է։ Ամեն անգամ, երբ ուսանողը պայքարում է իր սկզբունքների համար, փոփոխության առաջին քայլն արդեն արվում է։
Մի թողեք, որ ձեզանից խլեն ձեր երիտասարդության լավագույն տարիները»։
