Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությունը բաց է բոլորի համար՝ անկախ քաղաքական հայացքներից․ Դանիելյան

24.11.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր Civic.am-ը հոդված էր հրապարակել, որը վերաբերում էր ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից մեկնարկած լրագրության և մեդիագրագիտության անվճար դասընթացներին։ Հրապարակված նյութերը ակնհայտորեն կառուցված են ոչ թե տեղեկատվություն փոխանցելու, այլ քաղաքական մանիպուլյացիայի և միտումնավոր աղավաղումների վրա։
Այդ հրապարակումները փորձել են դասընթացների նախաձեռնությունը ներկայացնել որպես «քարոզչամեքենա» ստեղծելու փորձ։
Սակայն փաստերը հետևյալն են․
 ՀՀԿ ԵԿ-ի նախաձեռնությունը բաց է բոլորի համար՝ անկախ քաղաքական հայացքներից։
 
Դասընթացներին կարող է մասնակցել ցանկացած երիտասարդ՝ լինի նա ՀՀԿ-ական, ընդդիմադիր, անկախ կամ ոչ քաղաքական։
Սա կրթական ծրագիր է, ոչ թե քարոզչական հավաք։
Լրագրողներ «կերտելու» մասին մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են
Մեր նպատակն է՝
 • բարձրացնել մեդիագրագիտությունը,
 • բարելավել տեղեկատվական անվտանգության գիտելիքները,
 • ստեղծել առողջ մեդիա միջավայր,
 • օգնել երիտասարդներին կողմնորոշվել տեղեկատվական դաշտում։
Սա այն է, ինչ իրականում պետք է անեին հենց ուսումնական հաստատությունները։
Մեզ քննադատում են հենց այն ԶԼՄ-ները, որոնք տարիներ շարունակ կոնկրետ քաղաքական պատվերներ են կատարում։ 
Հոդվածի հեղինակը խոսում է «քարոզչության» մասին՝ մոռանալով, որ հենց իրենց գործունեությունն է տարիներ շարունակ եղել ամենախորը քաղաքական սպասարկման օրինակ։
 
Երբ տարիներով սպասարկել եք իշխանությունների շահերը, երբ դուք եք եղել «գաղջ մթնոլորտի» հիմնական արտադրողը,
երբ ԶԼՄ-ների անվան տակ զբաղվել եք պրոպագանդայով, դժվար է կրթական նախաձեռնությունները անաչառ գնահատել: 
ՀՀԿ-ն ուսումնական ծրագիր է իրականացնում, ոչ թե քարոզչություն
Հալածված արժեքներից խոսողներն այսօր արդարացնում են կեղծիքը և ընտրովի բարոյականությունը և մեզ քննադատում են ոչ թե արժեքային, այլ քաղաքական վախի պատճառով։
 
Մենք շարունակելու ենք մեր կրթական ծրագրերը։
Շարունակելու ենք ներդնել գիտելիք, ոչ թե ատելություն տարածել։ 
Շարունակելու ենք աջակցել երիտասարդներին, ոչ թե նրանց դարձնել կուսակցական գործիքն ու զոհը։
Եվ ամենակարևորը՝ մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ տասնամյակներով քաղաքական պատվերներով սնված լրատվամիջոցները փորձեն մեզ դաս տալ և խոսեն պրոֆեսիոնալիզմից։
ՀՀԿ-ում հարյուրավոր  երիտասարդներ մասնակցել և մասնակցում են տարբեր անվճար կրթական ծրագրերի՝ հետագայում առանց պարտականության։
Մեր նպատակն է ավելի գրագետ և ավելի մրցունակ երիտասարդներ պատրաստելը։ 
 
Հ.Գ
Ինչի՞ վրա եք զարմանում, դուք մեզանից եք սովորել քաղաքական լրացուցիչ կրթության մոդելները, անգամ քաղաքական դպրոցն եք կրկնօրինակում»։

← Վերադառնալ ցուցակին