Լուրեր

Սուտ 30. «Հայաստանի հանրապետական կուսակցությունն այլևս գոյություն չունի»

25.11.2025

Սկիզբը՝ այստեղ:

Տարիներ շարունակ պետական քարոզչամեքենան փորձում էր հանրությանը համոզել, որ Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական ուժ, այլևս «վերացել է», «չի գործում» կամ «կորցրել է իր հասարակական հիմքը»։ Փորձ արվեց ստեղծել պատրանք, թե նախկին քաղաքական համակարգը ամբողջությամբ վերացվել է, և քաղաքական դաշտում այլևս չկա այն ուժը, որը տարիներ շարունակ եղել է պետականության կայացման առանցքային դերակատարներից մեկը։ 2018 թվականին դագաղներով ու սև լենտերով ՀՀԿ-ի էջը փակել փորձողները չէին էլ կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակ անց մարդիկ պարզապես երանի են տալու Հանրապետական կուսակցության կառավարած երկրին։

ՀՀԿ-ն ոչ միայն գոյություն ունի, այլ շարունակում է գործել, ունենալ իր կառույցները, իր գաղափարական հիմքերը, և պահպանել իր քաղաքական ներկայությունն ու հեղինակությունը։ Այս սուտը, ինչպես շատ ուրիշները, հիմնված էր ոչ թե փաստերի, այլ՝ PR մանիպուլյացիայի վրա։

ՀՀԿ-ին սևացնելու համակարգված փորձերը․ 2018-ից հետո ստեղծվեց մի համակարգված քաղաքական գիծ, որի նպատակը Հանրապետական կուսակցության ամբողջական վարկաբեկումն էր։ Դրա համար կիրառվեցին շարունակական մեղադրանքներ, արհեստական քրեական գործեր, հին, վաղուց հերքված աղմուկների «վերակենդանացում» և իշխանական հռետորաբանություն, որը նախկիններին ներկայացնում էր որպես «երկրի բոլոր դժբախտությունների աղբյուր»։ Սակայն քաղաքական ուժերը չեն վերանում PR արշավներով։ Քաղաքական կուսակցությունը վերանում է միայն այն ժամանակ, երբ դադարում է գործել, դադարում է ունենալ թիմ, գաղափար, կառուցվածք։ ՀՀԿ-ն ոչ մի պահ դադար չտվեց իր գործելաոճում։ Հանրապետական կուսակցության շարքերը շարունակում են ավելանալ նոր անդամներով, իսկ Հանրապետական կուսակցության թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գործիչները շարունակում են մնալ քաղաքական առաջնագծում։ Ոչ մեկը 2018-ին չէր կարող պատկերացնել, որ ընդամենը 4 տարի հետո Հանրապետական կուսակցությունը նորից կհայտնվի ԱԺ-ում։ Հանրապետական բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, համայնքապետեր, անդամներ, ակտիվիստներ դարձան քաղաքական գործերի թիրախ։ Մեկի՝ համայնքապետի պաշտոնանկություն, մյուսի՝ տարիներով ձգվող անհիմն քրեական գործ, երրորդի՝ ձերբակալություն առանց փաստական հիմքի։ Սա իշխանության փորձն էր կուսակցության կառուցվածքը թուլացնելու, թիմային միջուկը կոտրելու և տպավորություն ստեղծելու, թե «կուսակցությունը չկա»։ Բայց եթե մի ուժին փորձում են ճնշել և նա դեռ շարունակում է գոյություն ունենալ, դա արդեն ինքնին ապացույց է նրա կենսունակության։ ՀՀԿ-ն կա․ կառույցներն աշխատում են, գաղափարական գիծը՝ պահպանվում։ Չնայած բոլոր ճնշումներին՝ կուսակցությունն այսօր էլ ունի իր գրասենյակները, իր մարզային կառույցները, իր անդամներին ու համակիրներին, իր ծրագրային արժեհամակարգը։ ՀՀԿ-ն շարունակում է մասնակցել քաղաքական գործընթացներին, հանդես է գալիս գնահատականներով, արձագանքներով, զբաղվում է կազմակերպչական աշխատանքով։ Եթե ուժը գործուն է՝ ուրեմն գոյություն ունի։ Եթե փորձում են առողջ ուժը անվանել «վերացված», դա արդեն իր հերթին մերկացնում է սուտը։ Սերժ Սարգսյանի կերպարը հակադրություն է Նիկոլի քաղաքական պոպուլիզմին։ Մի կարևոր հանգամանք ևս։ Մինչ իշխանությունները ներկայացնում էին, թե «նախկիններն ավարտված են», իրականությունը ցույց տվեց հակառակ պատկեր։ Սերժ Սարգսյանը չընդօրինակեց բարձրագոչ պոպուլիստական  դիվանագիտությանը, չմտավ էժանագին շոուների դաշտ։ Նա շարունակում է մնալ  պետական հեղինակության կրող, և ամենակարևորը՝ իր վերաբերմունքով մշտապես պահել է ազգային արժանապատվության սահմանը։ Նա շարունակում է ժողովրդի հետ միասին այցելել Եռաբլուր, գնալ Ծիծեռնակաբերդ, մասնակցել պետական խորհրդանշական օրերին՝ առանց շոուի, առանց PR-ի։ Մարդիկ հարգում են նրան ոչ թե քարոզչության, այլ՝ նրա իրական վարքագծի համար։ Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է, որ ՀՀԿ-ն այլևս «չկա»։ Իրականությունն այն է, որ կուսակցությունն անցել է դժվար ճանապարհ, բայց պահպանել է իր գոյությունը, կառույցները, հեղինակությունը և ազդեցությունը։ Եվ որքան էլ փորձ արվի ներկայացնելու հակառակը՝ քաղաքական իրականությունը միշտ ավելի ուժեղ է, քան ցանկացած PR կամ սին թեզ։ Հանրապետական ոչ մի անդամ չի՛ վախենում քաղաքական հետապնդումներից, սին գործերից ու դատավարություններից։ Հանրապետական յուրաքանչյուր անդամ պատրաստ է օր ու գիշեր կանգնել Հայաստանի ու հայի կողքին, իսկ Մելիք Ադամյանը շարունակում է մնալ քաղաքական բոլոր ճանապարհների կենտրոնը։ Հանրապետական լինելը պատասխանատվություն է․ պատասխանատվություն չմոռանալու պատմությունը և պայքարելու լուսավոր ապագայի համար։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին