Լուրեր

Առաջին հերթին պետք է հասկանալ այդ վտանգավոր գործընթացի մասշտաբը․ Սարոյան

01.12.2025

 ՀՀԿ խորհդրի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Տևական ժամանակ է, ինչ գործող իշխանություններն իրականացնում են համակարգային և հետևողական արշավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ինչպես նաև, դրա ինստիտուտների և հոգևոր առաջնորդության դեմ։
 
Առաջին հերթին պետք է հասկանալ այդ վտանգավոր գործընթացի մասշտաբը․ 
Աշխարհում գոյություն ունեցող հայկական եկեղեցիները, որոնք ենթարկվում են երկու Կաթողիկոսներին, ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև համաշխարհային հայ համայնքների ինքնության, մշակութային և քրիստոնեական արժեքների պահպանման առանցքային օջախներ, որոնց միաբանությունն այսօր հետևողականորեն վնասում են: 
 
Այս իշխանությունները սկսեցին իրենց հակաեկեղեցական գործողությունները կրոնական առաջնորդության հանդեպ անվստահության սերմանումից և Կաթողիկոսի հեղինակության թուլացումից, մինչև հոգևոր դասի ներսում ներքին բաժանարար գծերի խորացում, որի ամենասարսափելի վտանգը երկպառակությունն է, ինչին որ փութկոտ քայլերով ձգտում է հասնել այս իշխանությունը:
 
Նման քայլերը պառակտում են ոչ միայն հոգևորական խավը, այլև ամբողջ հասարակությունը։ Հայության մի հատված, ցավոք սրտի, չկարողանալով տարբերել քաղաքական շահն ու իրական խնդիրները, ենթարկվում է իշխանական մանիպուլյացիային և ընդունում առաջ տարված քարոզչական մոտեցումները։
 
Մյուս հատվածը լռությամբ հետևում է ընթացող զարգացումներին, իսկ առավել սթափ մտածողները բարձրաձայնում են, որ այս գործընթացները կարող են ունենալ բացասական՝ նույնիսկ ճակատագրական հետևանքներ ազգային միաբանության և ինքնության համար»։

← Վերադառնալ ցուցակին