Լուրեր

Ստալինի մայրը՝ Կեկեն, հաճախ էր դժգոհում, որ որդին ի զուր հոգևորական չդարձավ…Հովասափյան

23.12.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Տեսեք, մի դրվագ կա, որն անընդհատ, թաց ու չոր խառնվելով, տիրաժավորվում է, բայց հանգամանալից չի պարզաբանվում։ Գուցե շատերդ չհամաձայնվեք ու քարեր նետեք վրաս, բայց պատմական դրվագներ կան, որոնք առկա են, և որքան էլ դրանց մասին խոսվի հակառակը, իրենք գոյություն ունեն։
Երբ Փաշինյանին ու նրա ռեժիմը անվանվում է «նեոբոլշևիկ», դա նորմալ է, բայց երբ այդ էպիտետի հետ նաև շեշտվում է Ստալինի անունը և նրա կողմից իբր իրականացված «հակաեկեղեցիական» պայքարի հետ զուգահեռներ են տարվում, դա այդքան էլ այդպես չէ։
 
Այն, որ բոլշևիկյան կառավարությունն իշխանության գալով սկսել է հակաեկեղեցիական ու հակաքրիստոնեական շարժում, վանքեր ու եկեղեցիներ ավիրել, հոգևորականներ ձերբակալել՝ այդպես է։ Ճշմարիտ է նաև այն, որ 20-ականներին բոլշևիկյան իշխանությունը հատուկ շարժումներ էր ստեղծում՝ ի հակակշիռ քրիստոնեության․ «Կենդանի եկեղեցի» (Живая церковь)՝ ռուս ուղղափառ եկեղեցու դեմ պայքարելու համար, Սովետական Հայաստանում՝ «Ազատ եկեղեցի» (հայտնի «Անաստված» ամսագիրն էր հրատարակվում)։ Բայց այդ թեմաների կնքահայրերը, բացի Լենինից, Տրոցկին էին, Զինովևը, Կամենևը, Բուխարինը, Ռիկովը և այլք։ Ինչպես նկատեցիք, այս շարքում չեմ առանձնացրել Ստալինի անունը, քանի որ, ի տարբերություն վերը թվարկված հրեական ծագում ունեցող երդվյալ աթեիստների, Ստալինն ուներ հոգևոր կրթություն, ավելին, բոլշևիկյան նեղ շրջանակում նրան կոչում էին «гимназист» և «царский» ձևակերպումներով։
 
Մի կարևոր դրվագ առանձնացնեմ․ 1944 թվականին, հատուկ Ստալինի ցուցումով, Սերգեյ Էյզենշտեյնն իր «Իվան Ահեղ» գլուխգործոցն է նկարահանում՝ հասարակության մեջ պետության ու եկեղեցու հանդեպ հավատը վերականգնելու նպատակով։ Ավելին՝ ֆիլմում թագավորի թագադրման տեսարանի ժամանակ Մոսկվայի գլխավոր եկեղեցում իրական պատարագ է մատուցվել՝ համապատասխան կարգով, Ստալինի հորդորով։
 
Հ․Գ․ Ի դեպ, Ստալինի մայրը՝ Կեկեն, հաճախ էր դժգոհում, որ որդին ի զուր հոգևորական չդարձավ…»։

← Վերադառնալ ցուցակին