Լուրեր
Փաշինյանի վարած այս քայլերը ժամանակին, փոքր-ինչ տարբեր դրսևորումներով, իրականացրել են նաև այլ բռնապետական առաջնորդներ․ Հովասափյան
08.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության ոտնձգությունները գնալով ավելի ահագնացող բնույթ են ստանում՝ իրենց մեջ ներառելով խորքային և երկարաժամկետ ռիսկեր։ Ակնհայտ է, որ իրականում մենք գործ ունենք պետական մակարդակով նոր կրոնական «հիմնարկի» ձևավորման փորձի հետ, որը, դասական աղանդ լինելուց բացի, որևէ այլ արժեք կամ բովանդակություն չի ներկայացնում։
Օրերս Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե «եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են», փաստում է, որ պետությունը, տվյալ դեպքում հենց ինքը՝ Փաշինյանը, պատրաստվում է ամեն ինչ անել սեփական «հոգևոր հայեցակարգը» ձևավորելու, մարդկանց «հոգեպես կրթելու և դաստիարակելու» համար։ Այլ կերպ ասած՝ նա փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը՝ մարդակենտրոն մի կառույց, որին պետությունը կտրամադրի լայն հնարավորություններ, այդ թվում՝ պետական ռեսուրսներ։ Այս ամենի տրամաբանական հետևանքն այն է, որ Հայ առաքելական՝ Քրիստոսահեն, բազմադարյա ինստիտուտը, ըստ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների, պետք է դուրս մղվի հայ ժողովրդի ենթագիտակցությունից։
Պետք է արձանագրել, որ պատմության ընթացքում նման օրինակներ եղել են և, ցավոք, դեռևս գոյություն ունեն, երբ տարբեր բռնապետեր սեփական «կրոնական» կառույցներն են ձևավորել՝ հանրությանը առավել հեշտ կառավարելու, վերահսկելու և հնազանդեցնելու նպատակով։
Մասնավորապես, Փաշինյանի վարած այս քայլերը ժամանակին, փոքր-ինչ տարբեր դրսևորումներով, իրականացրել են նաև այլ բռնապետական առաջնորդներ։ Կիմ Իր Սենը, օրինակ, հիմնադրեց չուչխե գաղափարախոսությունը, որը ժամանակի ընթացքում վերածվեց մետա-կրոնի։ Ըստ դրա՝ «մարդն ամեն ինչի տերն է»։ Այսօր Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե «ՀՀ-ում ամեն ինչ որոշում է քաղաքացին»։ Մաո Ձեդունը, մաոիզմի ներդրմամբ, չին հասարակությանը համոզում էր, որ ինքն է «մեծ ուսուցիչը», որի խոսքը անսխալական է և վեր է ցանկացած քննադատությունից։ Այսօր Փաշինյանի հնչեցրած խոսքին կառավարության ներսում որևէ մեկը չի հակադարձում։
Բավական խոսուն է նաև Սաֆարմուրատ Նիյազովի՝ Թուրքմենբաշու օրինակը, որի «Ռուհնամա» գիրքը Թուրքմենստանում փաստացի սրբացվեց՝ ուղեկցվելով պետական մակարդակով պարտադրված հավատարմությամբ առաջնորդի անձի շուրջ։ Այս համատեքստում դժվար չէ եզրակացնել, որ դեռ ամեն ինչ առջևում է։
Ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկա է, որ այն դեպքերում, երբ քաղաքական իշխանությունը ձգտում է բացարձակ վերահսկողության, այն սկսում է սեփական «սրբազան պատմության» ստեղծումից։ Դրան հաջորդում է առաջնորդին մեսիա հռչակումը, իսկ վերջնական փուլում քաղաքական գաղափարախոսությունը վերածվում է կրոնի։ Եթե ուշադիր դիտարկենք Նիկոլ Փաշինյանի քայլերը, ապա կտեսնենք, որ այս ամբողջ շղթան հերթականությամբ և հետևողականորեն իրականացվում է»։
