Լուրեր
«Հայաստանում տուրիզմը աննախադեպ աճ է ապրում»
17.01.2026
Սկիզբը՝ այստեղ:
Վերջին տարիներին իշխանությունը սիրում է հպարտորեն հայտարարել, թե Հայաստանը դարձել է «տուրիստական բումի կենտրոն», հյուրանոցները լեցուն են տուրիստներով, փողոցները՝ զբոսաշրջիկներով, իսկ տնտեսությունը՝ շահող։
Սակայն թվերից ու գեղեցիկ խոսքերից այն կողմ իրական պատկերը բոլորովին այլ է։ Գների անտրամաբանական աճը վանում է զբոսաշրջիկին։ Տուրիզմի ամենամեծ թշնամին դարձել է անկառավարելի թանկացումը։ Հյուրանոցների գները մի քանի տարում աճել են 2–3 անգամ Սրճարաններում ու ռեստորաններում գները հաճախ գերազանցում են եվրոպական քաղաքների մակարդակը։ Տաքսին, տրանսպորտը, ծառայությունները դարձել են անհամաչափ թանկ
Արդյունքում Հայաստան եկող զբոսաշրջիկը հասկանում է մի պարզ բան․ ավելի մատչելի գումարով կարելի է հանգստանալ Վրաստանում, Թուրքիայում կամ նույնիսկ Եվրոպայում՝ ավելի անվտանգ ու հարմար պայմաններով։ ՌԴ-ից եկածների «բումը» տուրիզմ չէր, այլ ժամանակավոր տեղաշարժ։ Իշխանությունը հաճախ ներկայացնում է, թե ՌԴ քաղաքացիների մեծ հոսքը «տուրիզմի աճ» էր։ Սա հերթական մանիպուլյացիան է։ Ռուսաստանից Հայաստան եկած հազարավոր մարդիկ ոչ թե զբոսաշրջիկ էին, այլ պատերազմի պատճառով երկիրը լքածներ, քաղաքական իրավիճակից ժամանակավորապես հեռացած անձիք, աշխատանքի համար ժամանակավոր Հայաստան տեղափոխված անձինք։ Եվ հենց գները սկսեցին արագ աճել, իսկ պայմանները՝ վատանալ, նրանք շատ արագ տեղափոխվեցին հարևան պետություն՝ Վրաստան, որտեղ ավելի մատչելի է, ավելի ապահով, ավելի զարգացած տուրիստական ենթակառուցվածք կար։ Անվտանգային խնդիրները խաթարել են Հայաստանի տուրիստական «իմիջը»։ Տուրիզմը չի կարող զարգանալ այնտեղ, որտեղ անվտանգությունը հարցականի տակ է։ Վերջին տարիներին սահմանային լարվածությունը, ռազմական միջադեպերը, անորոշությունը, ճանապարհների անվտանգության խնդիրները դարձան տուրիզմը վնասող ամենակիզակետային նախապայմանները։ Այս ֆոնին ԱՄՆ-ի, եվրոպական և այլ երկրների դեսպանատները բազմիցս զգուշացրել են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի որոշ շրջաններ այցելելուց։ Երբ օտարերկրյա պետությունը պաշտոնապես ասում է՝ «խորհուրդ չի տրվում այցելել այս կամ այն հատված», տուրիզմը ավտոմատ կանգ է առնում։ Սա ոչ թե տեսություն է, այլ միջազգային պրակտիկա։ Տուրիզմը դարձել է անկայուն և սեզոնային Այսօր Հայաստանի տուրիզմը չունի երկարաժամկետ ռազմավարություն, հստակ բրենդավորում, կայուն հոսք, մրցունակ գներ։ Սա առողջ տուրիզմ չէ։ Սա վիճակագրական խաղ է։ Թանկացել է ոչ միայն օտարերկրյա, այլ նաև ներքին տուրիզմը։ Հայաստանցին այլևս չի կարող իր երկրում հանգստանալ առանց մեծ ֆինանսական բեռի։ Երբ սեփական քաղաքացին չի կարող օգտվել սեփական երկրի հնարավորություններից, խոսել «տուրիստական առաջընթացից» պարզապես անհեթեթ է։ «Տուրիզմը զարգացել է» արտահայտությունը գեղեցիկ է հնչում, բայց իրականության հետ քիչ կապ ունի։ Իրականությունն այն է, որ՝ գների աճը վանում է զբոսաշրջիկին, անվտանգության խնդիրները խաթարում են վստահությունը, ժամանակավոր ներհոսքը ներկայացվում է որպես հաջողություն, մարդիկ արագ հեռանում են դեպի ավելի մատչելի և անվտանգ երկրներ Տուրիզմը չի զարգանում ճառերով։ Տուրիզմը զարգանում է՝ գներով, անվտանգությամբ, ենթակառուցվածքներով ու կայունությամբ։ Եվ հենց այս չորսն կետերն էլ այսօր բացակայում են։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am
