Լուրեր
Այս համակարգում ամենավտանգավոր զուգահեռը հետհեղափոխական դատարկությունն է․ Հովասափյան
20.01.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որոշեցի մի քանի քայլով հայտնի շրջանակերին և հանրությանը բացատրել, թե ի՞նչ է «վոժդիզմը» և ի՞նչ աստիճանի է այն գործում այսօրվա իշխող վարչախմբում։ Կներկայացնեմ մի քանի տեսական դրույթներ և պատմական զուգահեռներ կանցկացնեմ Հարավսլավիայի կոմկուսի առաջնորդ Յոսիպ Բրոզ Տիտոյի հետ։
Նախ ասեմ, որ «վոժդիզմի» ժամանակ ամենացցուն դրսևորումներից մեկն այն է, երբ պետությունը նույնացվում է առաջնրդի հետ․ այս դեպքում պետության մեջ գոյություն ուենցող մյուս բոլոր ինստիտուտները դառնում են երկրորդական (խորհրդարան, դատական համակարգ և այլն), այս համակարգում որոշումները կայացվում են միանձնյա, չկա ռոտացիա հասկացությունը։ Ավելին, վոժդը ներկայացվում է որպես պատմական առաքելություն իրակացնող «փրկիչ», այդ համակրգում ժողովուրդը չի խոսում, նրա անունից խոսում է վոժդը։ Հատկանշական է այն, որ վոժդիզմը չի կարողանում գոյատևել առանց ներքին թշնամու գաղափարի գոյության, այն մշտապես պետք է գոյություն ունենա։
Վոժդիզմը պարտադիր չէ ունենա տոտալիտար կոշտ ձև։ Տիտոյի օրինակն ապացուցում է, որ հնարավոր է ձևավորել «փափուկ վոժդիզմ»՝ բազմակուսակցական ձևականություններով, ժողովրդական հռետորաբանությամբ և արտաքին հավասարակշռման քաղաքականությամբ։
Նիկոլ Փաշինյանի կառավարման մոդելը հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում։
Ասեմ, որ Հարավսլավիայում պետությունը կառուցված էր ոչ թե կայուն ինստիտուտների, այլ առաջնորդի անձնական հեղինակության շուրջ։ Ազգային, սոցիալական ու գաղափարական հակասությունները չէին լուծվում, այլ ժամանակավորապես սառեցվում էին Տիտոյի կերպարի միջոցով։ Նրա մահից հետո համակարգը փլուզվեց՝ թողնելով ինստիտուցիոնալ դատարկություն։
Փաշինյանի Հայաստանում տեսնում ենք նույն կառուցվածքային տրամաբանությունը․ իշխանությունը չի ինստիտուցիոնալացվում, այլ անձնավորվում է՝ կուսակցությունը, խորհրդարանը, կառավարությունը գործում են որպես վարչապետի քաղաքական կամքի շարունակություն, ավելին, որոշումները կախված են ոչ թե համակարգից, այլ մեկ կենտրոնից։
Ի դեպ՝ Տիտոն իրեն ներկայացնում էր որպես «ժողովուրդների հաշտեցնող» ու «արտաքին ճնշումներից անկախ առաջնորդ»։ Փաշինյանը նույն կերպ է դիրքավորվում՝ որպես «ժողովրդի միակ լեգիտիմ ձայն», որը միաժամանակ պայքարում է և՛ «նախկինների», և՛ արտաքին վտանգների դեմ։ Տիտոյական վոժդիզմի կարևոր հատկանիշ էր թշնամու մշտական առկայությունը՝ երբեմն արտաքին, երբեմն ներքին։ Փաշինյանի համակարգում թշնամու կերպարը պարբերաբար փոխվում է՝ նախկիններ, բանակ, եկեղեցի, դատական համակարգ, ակադեմիական ու մտավոր էլիտա։ Սա իշխանության լեգիտիմացման հիմնական մեխանիզմներից մեկն է։
Ըստ էության՝ գաղափարական առումով Տիտոն նույնպես աղքատ էր, քանի որ նրա «յուրահատուկ սոցիալիզմը» իրականում ավելի շատ սիմվոլիկ համակարգ էր։ Փաշինյանի դեպքում գաղափարախոսությունը փոխարինված է կարգախոսներով ու պոպուլիզմով՝ «նոր Հայաստան», «դուխ», «կրթվելը նորաձև է», «կառավարությունը ես եմ»։
Այս համակարգում ամենավտանգավոր զուգահեռը հետհեղափոխական դատարկությունն է։ Օրինակ Տիտոյի մահից հետո Հարավսլավիան չուներ ինքնուրույն աշխատող ինստիտուտներ։ Փաշինյանի ստեղծած մոդելը նույնպես կախված է մեկ դեմքից, ոչ թե կայուն համակարգից, ինչը երկարաժամկետ հեռանկարում պետականության համար լրջագույն ռիսկեր է պարունակում։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման մոդելները կենսունակ են միայն այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի վոժդի կերպարը»։
