Լուրեր

Սուտ 50. «ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի»

20.01.2026

 2018 թվականի իրադարձություններից հետո, վարչապետի աթոռը զբաղեցնողը, որն այդ ժամանակ իրեն ներկայացնում էր որպես «ժողովրդի սրտի վարչապետ», հերթական պաթոսախառը հայտարարությունն արեց․ «Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին: Հաջորդ ամենակարևոր գործառույթն ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են և այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որն ունի ՀՔԾ-ն մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում: Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ ընտրված անձ հայտարարել հետևյալը. այն՝ ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջև դրված է այս խնդրի ապահովման հսկայական մասը և հույս ունեմ, որ ծառայությունը կիրականացնի իր այդ գործառույթը: Ուզում եմ նաև ի վերջո լուծել իմ և ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը և այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն»։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս, առաջին հայացքից «արդարամիտ ու վեհ» գաղափարը պարզապես ականջահաճո հերթական արտազատությունն էր, որը հնչեց Նիկոլ Փաշինյանի շուրթերով։ Իրականությունը՝ ՀՔԾ-ն դարձավ մեկ մարդու կամքի գործիք։ Այս արտահայտությունը հնչեց բարձրաձայն, հնչեղ ու շատ գրավիչ։ Այն ներկայացվեց որպես անկախության, արդարության ու ապաքաղաքականացման խորհրդանիշ։ Բայց ինչպես շատ այլ խոստումներ, սա էլ մնաց բառերի մակարդակում։ Հնչեց հայտարարություն, թե քննիչների աշխատասենյակներում տեղ չունեն քաղաքական դեմքերի լուսանկարները։ Թե իբր արդարադատությունը պետք է լինի անկախ, անկողմնակալ, չծառայի ոչ մեկին։ Բայց իրականում ի՞նչ եղավ։ ՀՔԾ-ն ոչ միայն չդարձավ անկախ, այլ վերածվեց քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Լուսանկարները հանվեցին պատերից, բայց իշխանության ստվերը մնաց սենյակներում։

Եթե կառույցն իսկապես անկախ է, ապա ինչո՞ւ քննությունները միշտ ուղղվում են նույն ուղղությամբ, որը իշխանության սրտով է, ինչո՞ւ քննիչի ձեռքը չի հասնում իշխանությանը մոտ կանգնած անձանց։ Սա արդեն համակարգային խնդիր է, ոչ պատահականություն։ ՀՔԾ-ն աստիճանաբար դարձավ ոչ թե արդարության հաստատման, այլ՝ քաղաքական ճնշման մեխանիզմ։ Այստեղ քննվում են ոչ թե հանցագործություններ, այլ անձինք։ Ոչ թե փաստեր, այլ դիրքորոշումներ։ Իսկ երբ քննիչը սկսում է գործել ոչ օրենքով, այլ քաղաքական շահերով, արդարադատությունը վերածվում է թատերական ներկայացման։ Այո, հնարավոր է՝ պատերից հանված են առաջնորդների նկարները (չնայած դա էլ շատ կարճ ժամանակ տևեց, քանի որ հիմա գրեթե բոլոր պաշտոնյաների աշխատասենյակներում պատերին կախված է Փաշինյանի նկարը, և ոմանք նույնիսկ հպարտությամբ հայտարարում են, թե այդ նկարը իրենց սթափության ու մոտիվացիայի աղբյուրն է), բայց իրական կախվածությունը նկարով չէ չափվում։ Երբ քննիչը մտածում է «այս գործը ո՞ւմ է ձեռնտու», «սա վերևնե՞րն են ուզում», ապա անկախության մասին խոսելն ավելորդ է։ Լուսանկար չունենալը չի նշանակում ազատ լինել։ Իրական անկախ դատական ու քննչական համակարգը ստեղծվում է քաղաքական կամքով, ինստիտուցիոնալ երաշխիքներով, հաշվետվողականությամբ և հասարակության վստահությամբ Սրանցից ոչ մեկն այսօր ամբողջական չի գործում։ «Քննիչների աշխատասենյակներում ոչ մի պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի»-ն մնաց լոկ գեղեցիկ արտահայտություն։ Իսկ իրականում ՀՔԾ-ն չի ազատվել քաղաքական ազդեցությունից, այլ պարզապես փոխել է ծառայության հասցեն։ Եվ երբ արդարադատությունը ծառայում է ոչ թե օրենքին, այլ իշխանությանը, արդարությունը վերածվում է հերթական պատրանքի։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին