Լուրեր
Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն. Աբրահամյան
20.01.2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի։
Ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում։
Այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար հրատապը միմյանց միջև բարենպաստ պայմաններով կոմունիկացիա ստանալն է, երկրորդը՝ տնտեսական հարաբերությունները ազդեցության վերածելը և այդպես շարունակ՝ ըստ քայլերի հաջորդականության։
Ինչ ձևով ու ինչ «կպչուն ժապավենով» էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները ներկայացվեն, եթե նույնիսկ դա բխում է բարի ցանկություններից, ապա միայն ՀՀ-ի համար, մինչդեռ այն, թե ինչ են ուզում դրանով ստանալ Բաքուն և Անկարան, արտահայտված է վերջիններիս պաշտոնական և ոչ պաշտոնական խոսույթում ու քարոզչական քաղաքականությունում»։
