Լուրեր

Սուտ 51. Եկեղեցու դեմ ուղղված քաղաքական արշավը՝ իբրեւ «բարեփոխում» ներկայացնելու փորձը

21.01.2026

 Իրականությունը՝ եկեղեցին չհանձնվեց, եւ ժողովուրդը կանգնեց նրա կողքին։ Վերջին տարիներին բազմիցս հնչեց մի արտահայտություն, որը դարձավ քաղաքական օրակարգի մաս. «Եկեղեցին պետք է ազատագրել Կտրիճ Ներսիսյանից»։

Այն ներկայացվեց իբրեւ բարեփոխում, իբրեւ պայքար «հին համակարգի» դեմ, սակայն իրականում վերածվեց եկեղեցու դեմ ուղղված քաղաքական արշավի։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգեւոր, այլեւ ազգային ինքնության առանցք։ Երբ պետական ղեկավարությունը սկսում է հրապարակային լեզվով գնահատել, դատել եւ թիրախավորել եկեղեցու առաջնորդին, դա այլեւս հավատքի հարց չէ, այլ քաղաքական միջամտություն։ Հասարակության զգալի հատվածի համար սա ընկալվեց ոչ թե բարեփոխում, այլ՝ հարձակում սրբության վրա։ Չնայած հնչեցված կոշտ հայտարարություններին՝ իրականում ոչ մի «ազատագրում» տեղի չունեցավ։ Պատճառը պարզ է. հայ ժողովրդի մեծ մասը չընդունեց եկեղեցու դեմ արշավը։ Հավատացյալները կանգնեցին իրենց հոգեւոր կենտրոնի կողքին։ Եվ հենց այդ պատճառով էլ՝ բարձրաձայն հնչած խոսքերը չվերածվեցին գործողությունների։ Վախ հասարակական արձագանքից. քաղաքական իշխանությունը բազմիցս ակնարկել է, թե պատրաստ է գնալ Էջմիածին, բայց այդ քայլը երբեք չիրականացվեց։ Պատճառն ակնհայտ էր. հասարակական արձագանքը կարող էր լինել անկանխատեսելի։ Եկեղեցին Հայաստանում պարզապես կառույց չէ։ Այն հավատքի, ինքնության եւ պատմական հիշողության առանցքն է։ Եվ այդ տարածք մտնելը՝ առանց ժողովրդի համաձայնության, նշանակում է բախվել ժողովրդի կամքին։ Մի քանի հոգու դիրքորոշումը չի ներկայացնում ամբողջ եկեղեցին։ Անհատ հոգեւորականների դիրքորոշումները կամ հայտարարությունները չեն կարող նույնացվել ամբողջ եկեղեցու հետ։ Եկեղեցին հազարամյակների պատմություն ունեցող կառույց է, եւ այն չի փոխվում անձերի միջոցով։ Փորձերը՝ որոշ հոգեւորականների օգտագործելով ստեղծել պատրանք, թե եկեղեցին «բաժանված է», իրականության հետ քիչ կապ ունեն։ Եվ դրա ապացույցը 10 տիրադավերի այցն էր Էջմիածնի Սուրբ Մայր Տաճար։ Նրանք այդ օրը բախվեցին հայ ազգի իրական ցասմանը եւ խայտառակ կերպով պարզապես հեռացան եկեղեցուց։ Յուրաքանչյուր կիրակի օր Փաշինյանը իր մի խումբ կատարածուների հետ հորդորում է ժողովրդին հավաքվել Հայաստանի որեւէ եկեղեցում, իր հետ մասնակցել պատարագին։ Սակայն այդ «պատարագների» ժամանակ միշտ ներկա են նույն դեմքերը, որոնք այդտեղ են լինում վարչական լծակների օգտագործման հետեւանքով։ Հավաքներին բացառապես ներկա են լինում իշխանականներ, մարզպետներ ու համայնքի ղեկավարներ, նախարարներ ու պատգամավորներ։ Նույնիսկ պատարագ մատուցողներն են կեղծված։ Փաշինյանը պղծում է անգամ եկեղեցականի կերպարը։ Դաջվածքներով դպիրներ, անհավատներ, ովքեր ծառայություն մատուցելով իշխանություններին՝ զեղչում են Կաթողիկոսի անունը։ Սակայն հակառակ իրենց ցանկությունների, այդ «պատարագների» ժամանակ հայտնվում են իրական հավատավորներ, ովքեր բարձրաձայնում են Վեհափառի անունը, ովքեր չեն թողնում, որ կեղծիքը, սուտն ու սատնան հիմնավորվեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Փաշինյանը միշտ պարտված է լինելու եկեղեցու դեմ կռվում։ «Եկեղեցին ազատագրելու» խոստումը մնաց քաղաքական կարգախոս, ոչ թե այն պատճառով, որ այն իրականացվեց, այլ որովհետեւ հասարակությունը չընդունեց այն։ Եկեղեցին չհանձնվեց, որովհետեւ նրա հիմքը ժողովուրդն է։ Իսկ ժողովուրդը հստակ ցույց տվեց՝ թույլ չի տա իր հավատը քաղաքական գործիք դարձնել։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ
aravot.am

← Վերադառնալ ցուցակին