Լուրեր
Նկատե՞լ եք, որ այս իշխանությունները 8 տարիների ընթացքում որևէ խոշոր, ռազմավարական շինարարական ծրագիր չեն իրականացրել․ Սարոյան
03.02.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկատե՞լ եք, որ այս իշխանությունները 8 տարիների ընթացքում որևէ խոշոր, ռազմավարական շինարարական ծրագիր չեն իրականացրել․ ոչ «Ակադեմիական քաղաք», ոչ «Աջափնյակի մետրոյի» կայարան, ոչ այլ համակարգային նախաձեռնություն։ Փոխարենը՝ «ուդառնիկ» են խփում, «սրտիկում» են իրենք իրենց և ամբողջ էներգիան ուղղում Եկեղեցու դեմ հարձակումների վրա։
Այս վիճակը, իմ համոզմամբ, ունի երկու հիմնապատճառ, որոնք էլ ունեն իրենց պատճառները` առաջինը՝ չկարողանալն է, երկրորդը՝ չցանկանալը, որը նույնպես բխում է չկարողանալուց:
Շատերը կարող են հակադարձել՝ վկայակոչելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Սակայն այդտեղ բացերն ու թերությունները այնքան շատ են՝ ժամկետների խախտումներից մինչև կրթական գործընթացին հասցված լուրջ և հեռանկարային վնասներ, որ դա ծրագրի իրականացում չէ, այլ ծրագրի տապալում է:
Բազմաթիվ համայնքներում դպրոցի շինարարության պատճառով երեխաները պարզապես չեն հաճախում դպրոց․ անգամ հարևան գյուղ հասնելու լոգիստիկ խնդիրներն են նպաստում, որ երեխան դուրս մնա կրթությունից։
Այսինքն՝ կիսատ-պռատության իրենց որդեգրած սկզբունքին համաձայն «հոնքը սարքելու տեղը՝ աչքն են հանում»։
Իսկ ո՞վ է մտածում այդ սերնդի կրթական մակարդակի մասին։ Սա երկարաժամկետ, բայց ծանր հարված է հասարակությանը։ Որովհետև դպրոցը միայն պատեր չեն, այլ կրթական գործընթացի որակ։
Իրենց կարողացածը ասֆալտ անելն է։ Բայց նույնիսկ դա չեն կարողանում նորմալ անել`անորակ է ու կարճաժամկետ կյանք ունեցող։
Բավական է երթևեկել Երևանի մի շարք փողոցներով և Հայաստանի տարբեր հատվածների ճանապարհներով, որոնք ընդամենը անցյալ տարի են ասֆալտապատվել, ապա կտեսնենք ճաքած, փոս ընկած, նորից քանդված նույն ճանապարհները, օրինակ` գազանանանոցի ճանապարհը, Երևան մուտք գործող ճանապարհը «ռադիոմաշտ, շամպայն» հատվածից և այլն:
Անգամ այս ամենապարզ գործը նորմալ չեն անում, արդեն ավելորդ է խոսել մեծ ծրագրերի, ավելին` ռազմավարության կամ զարգացման մասին»։
