Լուրեր
«ՀՀԿ-ն մեր քաղաքական դաշտում շարունակելու է մնալ դերակատար, որի հետ ցանկացած պարագայում հաշվի նստելու են»․ Տիգրան Աբրահամյան
19.02.2026
«ՀՀԿ ԳՄ նիստում հունիսին կայանալիք ընտրությունների թեման մանրամասն քննարկվել է, ընդ որում ոչ միայն նեղ՝ ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում, այլ ավելի լայն՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական։ Մտքերի փոխանակում եղել, յուրաքանչյուրն իր դիրքորոշումն՝ իր հիմնավորումներով արտահայտել է։ Այս պահին դեռ որոշում չունենք։ Երբ կամբողջացնենք մեր գնահատականները, համապատասխան տեղեկատվությունը կհանրայնացնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, փետրվարի 23-ին, ՀՀԿ ԳՄ նիստում կրկին քննարկվել է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։ Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվել էինք՝ ինքն ի՞նչ մոտեցում ունի․ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցելո՞ւ կողմնակիցների շարքում է, թե՞ չմասնակցելու կողմնակիցների, քանի որ կուսակցությունում կարծիքները երկու մասի են բաժանվում։ Ի դեպ, ըստ խոսակցությունների, ՀՀԿ ղեկավար մարմնում մեծամասնությունը կողմ է, որ կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Հարցին, եթե ՀՀԿ-ն չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կհայտնվի քաղաքական լուսանցքո՞ւմ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ այս կամ այն իրավիճակում հայտնվելը, կախված է նրանից, թե որքանո՞վ են նրա մոտեցումներն ու ծրագրեր՝ թե ընթացիկ ժամանակահատվածում, թե քաղաքական ակտիվ ժամանակահատվածում կենսունակ։ ՀՀԿ-ն ունի կորիզ, ունի ինտելեկտուալ մեծ պոտենցյալ և անկախ նրանից, թե ի՞նչ որոշում կկայացվի այս փուլում, համոզված եմ, որ մեր քաղաքական դաշտում շարունակելու է մնալ դերակատար, ում հետ ցանկացած պարագայում հաշվի նստելու են»։
Հարցին, եթե այնուհանդերձ ընտրություններին մասնակցելու որոշում կայացվի, ի՞նչ ակնկալիքներ կան, և առհասարակ, ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀԿ-ն, մեր զրուցակիցը պատասխանեց․ «ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցության հիմքում չեն դրվում կուսակցական ակնկալիքները, այլ դրվում է հանրային շահը՝ թե ո՞ր իրավիճակում ՀՀԿ-ն հնարավորություն կունենա ծառայություններ մատուցել պետությանը և հասարակությանը։ Եվ ես խնդրում եմ, ՀՀԿ-ի երկար ու բովանդակալից քննարկումները դիտարկել այդ համատեքստում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am
