Լուրեր

Արցախյան շարժումը 38 տարեկան է․ Եսայան

21.02.2026

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արցախյան շարժումը 38 տարեկան է
 
 Երբ սկսվեց շարժումը,  մենք 38 տարով ջահել էինք։ 
Փետրվարյան այս օրը երբեք  չի մոռանա ոչ մի մասնակից ու վկա, սա մեր սերնդի, մեր ժամանակակիցների  լավագույն օրերից է, սա այն   օրն է, երբ  հայ մարդը առանց  վախենալու, առանց կմկմալու Ազատության հրապարակում   վանկարկում էր՝ «Մի-ա-ցում»։ 
 
Ամբողջ ժողովուրդն էր  կանգնած, կանգնած էին մարդիկ, որ շատ լավ գիտեին պատմությունը, Լեռնային Ղարաբաղը։ Կանգնած էին  մարդիկ, որ   չգիտեին Ղարաբաղի տեղը, բայց գիտեին, որ ունեցել եւ ունեն Ղարաբաղ, որը մերն է, որը հայկական է, որը հայոց աշխարհի մաս է՝ գերության մեջ։ 
 Ես  երկու դուստրերիս/2 եւ 1 տարեկան/ ամուսնուս եւ սկեսրոջս հետ  դրանից մեկ տարի /1987-ին/առաջ էի առաջին անգամ գնացել Ստեփանակերտ, Արցախ եւ հենց էդ  պահից էի սիրել ու սիրում  եմ Արցախը ։  
«Պիոներ Կան» թերթում  էի աշխատում,  ամենագրագետ, հայերեն  մաքրամաքուր լեզվով  նամակները  մեր թերթին գրում էին հենց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դպրոցականները։ Եւ  ես, բոլորս ,առաձնահատւկ սիրով , ջերմությամբ էինք պատասխանում հատկապես  ԼՂԻՄ-ից եկած դպրոցականների բոլոր նամակներին։ Հետո՝ եղավ  անհավանականը՝  մեր ժողովուրդը՝  Երեւանում եւ  Արցախում կարողացավ անել դա։ Մեր ազգային երազանքը իրականացավ, որովհետեւ ունեինք երազանք եւ գնացինք դրա ետեւից։
 
 Իսկ, երբ Երեւանում տանկեր հայտնվեցին, մենք ձնծաղիկներ էինք դնում այդ տանկերի  վրա։ Մի անբացատրելի ուժ կար բոլորիս մեջ,  տիեզերական  ամպն էր  իջել   մեր հայրենիքի վրա եւ պահպանում ու աջակցում էր մեր ՇԱՐԺՈՒՄԸ։
Ես արցախցի չեմ , բայց ես եւս արցախցի եմ ու անասելի կարոտում եմ  Շուշին։ Ես չեմ համակերպվելու, ես ընդվզելու եմ ու   պայքարելու եմ, քանի  Արցախը կրկին գերության մեջ է։ Միացումը  պետք է տեղի ունենա։ Իսկ դրա համար պետք է , որ այդ միացումը տեղի ունենա նախ մեր հավաքական  ազգի  սրտի մեջ, բոլոր հայերի  արյունատար անոթներում։ Մենք պարտք ունենք , մենք պարտավոր ենք այդ պարտքը վերադարձնել մեր հերոս տղերքին, մեր ժողովրդին , մեր  գենետիկ համակարգին։
 
38 տարի անց էլ  ականջներումս  եւ հոգուս մեջ չի լռում «Ղարաբաղը մերն է»  վանկարկումը։
Մեկ անգամ մենք դա արդեն ապացուցել ենք, կարող ենք   եւս մեկ անգամ անել դա։
Կա՞րող ենք․․․»։

← Վերադառնալ ցուցակին