Լուրեր
Ձեր իշխանության օրոք երկիրը թուլացել է, անվտանգությունը դարձել է ռուլետկա․ Գրիգորյան
03.03.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ալեն Սիմոնյանն այս անգամ որոշել է «փայլուն խորհուրդ» տալ ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքականությունից, որովհետև, ըստ իրեն Նախագահը խանգարում է իր կուսակիցներին:
Հասկանալի է, որ ցանկացած խելամիտ մարդու համար այս միտքը ուղակի ծիծաղելի է, բայց սա նոր միտք չէ։ Սա հին, իրենց պես մաշված քաղաքական տեխնոլոգիա է՝ ներսում կասկած սերմանել, բաժանել, թուլացնել։ Ու ինչպես իրենց մնացած խառնակիչ մեթոդները, սա էլ է վաղուց հնացած:
Սերժ Սարգսյանը խանգարում է միայն նրանց, ովքեր մեր երկիրը բերել հասցրել են անդունդի եզրին, Սերժ Սարգսյանը խանգարում է նրանց, ովքեր իրանց ծախու գործունեությամբ տվեցին Արցախը, և իհարկե Սերժ Սարգսյանը և իր թիմը շատ են խանգարում նրանց, ովքեր բացահայտ թրքհպատակ քաղաքականություն են վարել և վարում։
Մի բան քեզ ասեմ իմացի, քաղաքական գործիչը չի կայանում ինչ-որ մեկի հեռանալով։
Նա կայանում է աշխատանքով, գիտելիքով, արդյունքով և իհարկե պատասխանատվությամբ։ Ես հասկանում եմ, որ ձեր կողմերում սաղ հենց տենց խիստ անձնավորված ա, տեսել եմ առաջնորդիդ վերջին օրերի արգելքները, բայց արի դու Հայաստանի Հանրապետության առաջին գրանցված կուսակցությունը մի խառնի ինչ-որ հպանցիկ, ժամանակավոր կազմակերպության հետ:
Մեր առաջնորդը մեզ ուղղություն է տալիս, նրա տված մի խորհուրդը 1000 հատ շեֆիդ ելույթ արժի, մեր առաջնորդը միշտ մեր թիկունքին կանգնած է իսկ մենք՝ իրա: Եթե դա քո պատկերացմամբ խանգարել է, ապա խնդիրդ կարծում եմ սխալ առաջնորդ ունենալու մեջ է: Դա էլ կարծում եմ կարաս մտածես, на досуге.
Ձեր իշխանության օրոք երկիրը թուլացել է, անվտանգությունը դարձել է ռուլետկա, ներսում լարվածությունն աճել է այն աստիճանի, որ շաբաթվա 4-5 օրը նոր դեպքերի մասին ենք լսում, դե իսկ դրսում վստահությունը հասցվել է 0-ի։
Այս ամենի ֆոնին կարծում եմ պետք ա սեփական ձախողումների մասին մտածել, այլ ոչ թե նստել մտածել թե այլ կուսակցությունում ով ինչ է անում: Մեր ղեկավարը ամենինչ շատ ճիշտ է անում, և եթե քաղաքական դաշտից հեռացող կա, ապա դա միայն դուք եք:
էդ հեռանալու խորհուրդները սովորաբար տալիս են նրանք, ովքեր արդեն վաղուց ոչ թե հեռացել, այլ փախել են սեփական պատասխանատվությունից»:
