Լուրեր
Թերևս համոզմունք ունեմ, որ Փաշինյանը հոգու խորքում հասկանում է, որ Եվրոպան թքած ունի իր մտքերի ու պնդումների վրա․ Հովասափյան
17.03.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծառայամիտ է և չունի սեփական պետության համար հստակ մշակված օրակարգ ու քաղաքական հետագիծ ոչ մի ապացուցման կարիք չունի, այն «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է։ Իր վերջին եվրոպական ելույթում Փաշինյանը եվրոպացիներին խնդրում էր «տեր դառնան», որպեսզի ինքը կարողանա Հայաստանում «ժողովրդավարություն կառուցի»։ Նրա այդ հայտնի «կգբ-ի գործակալ», «ռուսաստանամերձ», «բելոռուսամերձ» տերմինների տիրաժավորումը հատուկ ընտրված տակտիկա էր, որով նա շոյում էր եվրոպական ականջները, դե իսկ նրանք էլ ինքնամոռաց ծափահարում։
Թերևս համոզմունք ունեմ, որ Փաշինյանը հոգու խորքում հասկանում է, որ Եվրոպան թքած ունի իր մտքերի ու պնդումների վրա, այստեղ բանալի տերմինը՝ «հակառուսականությունն է» (դե գոնե այդ պահին իրավիճակն այդպես «փաթեթավորելը»)։
Ըստ այդմ՝ եվրոպական օգնությունը չուշացավ․ երեկ երեկոյան Կայա Կալասը հայտարարեց, որ՝ «ԵՄ-ն Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել «սպառնալիքներին» երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին»։
Ըստ էության՝ այս հայտարարությունը պետք է դիտարկել մի քանի շերտերով՝ հատկապես հաշվի առնելով թե՛ ԵՄ-ի արտաքին քաղաքական տրամաբանությունը, թե՛ Հայաստանի ներքաղաքական կոնտեքստը ընտրությունների նախաշեմին։
Առաջին հայացքից սա ներկայացվում է որպես տեխնիկական աջակցություն, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու համար։ Բայց հենց այստեղ է առանցքային խնդիրը․ «հիբրիդային սպառնալիք» հասկացությունը չափազանց լայն է և քաղաքականորեն ճկուն կիրառելի։ Այն կարող է ներառել ամեն ինչ՝ ապատեղեկատվությունից մինչև կիբերհարձակումներ, բայց նաև՝ ներքաղաքական գործընթացների վրա ազդող ցանկացած ուժ, որը չի տեղավորվում տվյալ պահին իշխանության կամ արտաքին գործընկերների օրակարգի մեջ։
Այս համատեքստում ԵՄ-ի կողմից «արագ արձագանքման խմբի» ուղարկելը իրականում ունի մի քանի հնարավոր նպատակային ուղղություն․
Նախ, վերահսկողական-քաղաքական բաղադրիչն է։ ԵՄ-ն փաստացի փորձում է տեղում ներկայություն ապահովել ոչ միայն որպես դիտորդ, այլ որպես գործընթացների ներսում գործող դերակատար։ Սա նշանակում է, որ ընտրական միջավայրը դառնում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին մոնիթորինգի և ազդեցության ենթակա։ Այսինքն՝ ձևավորվում է մի միջավայր, որտեղ ընտրությունների «լեգիտիմության» գնահատականը նախապես պայմանավորված է դառնում նաև արտաքին դերակատարի մասնակցությամբ։
Երկրորդը՝ տեղեկատվական դաշտի կառավարումն է։ «Հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի անվան տակ ԵՄ-ն կարող է աջակցել մեդիա դաշտի «ֆիլտրացմանը»՝ հատկապես այն նարատիվների նկատմամբ, որոնք հակասում են եվրոպական կամ գործող իշխանության քաղաքական գծին։ Այստեղ արդեն անվտանգության և քաղաքական գրաքննության միջև սահմանը ավելի է նեղանում։
Մյուս շերտը՝ աշխարհաքաղաքական բաղադրիչն է։ Փաստացի Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների ֆոնին ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ինստիտուցիոնալ ներկայությունը և ցույց տալ, որ պատրաստ է ոչ միայն տնտեսական կամ խորհրդատվական, այլ նաև օպերատիվ-անվտանգային ներգրավվածության։ Սա նաև ազդակ է այլ դերակատարներին՝ առաջին հերթին Ռուսաստանին, որ Հայաստանը դիտարկվում է որպես մրցակցային ազդեցության գոտի։
Եվ ամենակարևոր հանգամանքը՝ ներքաղաքական ազդեցությունն է։ Այսպիսի նախաձեռնությունները, հատկապես ընտրությունների նախաշեմին, կարող են ընկալվել որպես գործող իշխանության համար արտաքին լեգիտիմացման ռեսուրս։ Եթե ընտրությունների արդյունքները վիճարկվեն, արդեն իսկ առկա կլինի «միջազգային ներգրավվածության» գործոնը, որը կարող է օգտագործվել որպես հակափաստարկ ներքին քննադատության դեմ։ Սակայն այստեղ կա նաև հակառակ ռիսկը․ նման ներգրավվածությունը կարող է խորացնել հասարակության բևեռացումը՝ ստեղծելով տպավորություն, որ ընտրական գործընթացները դուրս են գալիս ազգային ինքնիշխանության շրջանակից և դառնում արտաքին կառավարման տարր ունեցող գործընթաց »։
