Լուրեր
Առանց նրանց պետականամետ գործունեության անհնար կլիներ ապրիլյան պատերազմի օրերին նման արտաքին աջակցության առկայությունը. Շարմազանով
02.04.2026
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այդ ճակատագրական օրերին մեզ հետ էին մեր արտասահմանցի պատգամավոր ընկերները: Շնորհակալություն Ձեզ:
2016-ի ապրիլյան ճակատագրական օրերին մենք միայնակ չէինք: Պատերազմի առաջին իսկ օրից Աժ ղեկավարությունը կապ հաստատեց մեր արտասահմանցի գործընկերների հետ: Որպես Աժ փոխնախագահ կապ հաստատեցի Ռուսաստանի, Հունաստանի,Կիպրոսի,Չեխիայի,Լատվիայի,Լիտվայի իմ գործընկերների հետ: Նրանցից շատերը ընդունեցին Հայաստան ու Արցախ այցելելու իմ կոչը: Ապրիլին իմ հետ Արցախ այցելեցին Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն ու Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գալիֆալիա Կանելին: Հանդիպելով Արցախի ղեկավարությանը՝ ընկերներս իրենց աջակցությունը հայտնեցին Արցախի ժողովրդի ազատության պայքարին ու դատապարտեցին Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը, որի համար Ադրբեջանում հայտարարվեցին persona non grata: Ապրիլյան օրերին Հայաստան այցելեցին իմ չեխ եղբայրներ՝Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախն ու խորհրդարանի փոխնախագահ Յան Բարտոշեկը: Նրանք, դատապարտելով Ալիևի վարչակարգի ահաբեկչական քայլերն, այն համեմատեցին «իսլամական պետություն» հանցագործ խմբավորման գործողությունների հետ: Եռաբլուր այցելեցին նաև Հայաստան ժամանած Կիպրոսի խորհրդարանի իմ ավագ եղբայր Սոֆոկլիս Ֆիտիսը, որը Ադրբեջանի հանցագործություններին տվեց «ցեղասպան քաղականություն» որակումը:
Այդ օրերին հատուկ աջակցության նամակով ինձ դիմեց նաև Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռոբբին Բոնհիշը: Աջակցության հեռախոսազանգեր ստացա նաև Ռուսաստանի,Սլովակիայի, Լիտվայի, Էստոնիայի, ՀԱՊԿ ԽՎ ու ԱՊՀ ԽՎ պատգամավոր իմ գործընկերներից: Այդ ճակատագրական օրերին նրանք մեզ միայնակ չթողեցին: Շնորհակալ եմ Ձեզ, եղբայրներ ու քույրեր:
Հ.Գ. Չեմ կարող չհիշատակել ԱՊՀ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանի, Հունաստանում և Կիպրոսում ՀՀ դեսպան Գագիկ Ղալեչյանի, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի անունները: Առանց նրանց պետականամետ գործունեության անհնար կլիներ ապրիլյան պատերազմի օրերին նման արտաքին աջակցության առկայությունը»:
