Լուրեր
Հունգարական դասերը․ Հովասափյան
13.04.2026
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հունգարական դասերը
Գիշերը հայտնի դարձավ, որ 16-ամյա ղեկավարումից հետո՝ ընտրություններում ջախջախիչ պարտություն է կրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Օրբանի պարտությունը միայն ներքաղաքական իրադարձություն չէ․ այն դասական օրինակ է, թե ինչպես է երկար ժամանակ կառուցված իշխանական համակարգը փլվում կուտակված ճնշումների պայթյունի արդյունքում։
Հունգարիայում տեղի ունեցածը ցույց տվեց մի պարզ, բայց հաճախ անտեսված ճշմարտություն․ իշխանությունը չի պարտվում այն ժամանակ, երբ ընդդիմությունը ուժեղ է, այլ այն ժամանակ, երբ հասարակությունը որոշում է, որ այլևս չի ուզում նույն իշխանությունը։ Այսինքն՝ առանց հասարակական «մերժման կրիտիկական զանգվածի» նույնիսկ ամենալավ
կազմակերպված ընդդիմությունը մնում է համակարգի ներսում խաղացող։
Արձանագրենք, որ առաջնային և ամենակարևոր դասը՝ մասնակցության մասին է, քանի որ Հունգարիայում ռեկորդային՝ 75 տոկոս մասնակցությունը փաստացի վերածվեց քաղաքական դատավճռի։ Սա վկայում է այն մասին, որ բարձր մասնակցությունը ոչ միայն քանակական ցուցանիշ էր, այլ որակական փոփոխություն՝ լռող, կոնֆորմիստ ընտրազանգվածը մտավ խաղի մեջ և փոխեց հավասարակշռությունը։
Մյուս հանգամանքը կապված է «նոր դեմքի» ֆենոմենի հետ։ Օրբանի դեմ հաղթանակը կառուցվեց ոչ թե ավանդական ընդդիմության, այլ նոր ֆիգուրի շուրջ, որը դուրս էր ինչպես իշխանական, այնպես էլ հին ընդդիմադիր համակարգերից։ Սա կարևոր նրբություն է․ քանի որ հասարակությունը, որպես կանոն, մերժում է ոչ միայն իշխանությանը, այլ նաև այն ընդդիմությանը, որը ընկալվում է որպես նույն համակարգի մաս։
Ի դեպ՝ Հունգարիայում ընտրությունը վերածվել էր պարզ ընտրության՝ շարունակել նույնը, թե փոխել։ Այս դեպքում ընտրողը դադարում է մտածել ծրագրերի, գաղափարների կամ մանրամասների մասին և սկսում է քվեարկել զգացողության հիման վրա, և ընտրությունը դառնում է ոչ թե քաղաքական, այլ հոգեբանական պրոցես։
Ընդգծենք, որ Օրբանն ուներ պետական լծակներ, մեդիա ազդեցություն, կառավարման փորձ, բայց դրանք չփրկեցին նրան այն պահին, երբ ձևավորվեց հասարակական ալիք։ Սա կարևոր հակափաստարկ է այն թեզին, թե միայն ռեսուրսը բավարար է հաղթանակի համար։
Այս ամենը տեղափոխելով հայկական իրականություն՝ պետք է արձանագրել մի կարևոր հանգամանք․ նման սցենարը ավտոմատ չի կրկնվում։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դեռևս բացակայում է այն երեք գործոնների միաժամանակյա համադրությունը, որը տեսանք Հունգարիայում։
ՀՀ-ում ընդդիմադիր դաշտը շարունակում է մնալ մասնատված, իսկ նոր դեմքի գործոնը դեռևս չի ձևավորվել որպես համախմբող առանցք։ Սա նշանակում է, որ նույնիսկ դժգոհության պայմաններում այն չի վերածվում քաղաքական արդյունքի։
Միևնույն ժամանակ, հունգարական օրինակը զգուշացնում է նաև իշխանությանը։ Երկարատև կառավարումը ստեղծում է կեղծ կայունության զգացում, բայց այդ կայունությունը կարող է շատ արագ փլվել, եթե կուտակված սոցիալական, հոգեբանական և քաղաքական դժգոհությունները մի կետում համընկնեն, հենց այդ պահին ընտրությունները դադարում են լինել կանխատեսելի գործընթաց և վերածվում են անակնկալի։
Ի վերջո, հունգարական դեպքը ցույց է տալիս քաղաքականության ամենապարզ, բայց ամենադժվար ընդունվող կանոնը․ ընտրությունները միայն հաշվարկների խաղ չեն, դրանք նաև պահի, տրամադրության և զանգվածային հոգեբանության արդյունք են։ Իսկ երբ այդ երեքը համընկնում են, նույնիսկ ամենաուժեղ համակարգերը կարող են ջախջախվել։
Հ․Գ․Նշեմ, որ սա միայն ներքին իրավիճակի հետ կապված վերլուծություն է, որին պետք է համադրել ցանկացած երկրի ներքաղաքական պրոցեսներին՝ արտաքին երևացող ու չերևացող միջամտությունները»։
