Ելույթներ և ուղերձներ

Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանի խցում

21.07.2023

 Արմեն Աշոտյանի քաղաքական հետապնդման ներքին և արտաքին ասպեկտները

Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գործողությունները շատերի կողմից գնահատվում են՝ որպես ոչ պրոֆեսիոնալ, ոչ կոմպետենտ, անփույթ, փնթի, ապազգային, դավաճանական, մանիպուլյատիվ, իրական խնդիրներից շեղող, և այդպես շարունակ։ Այդ և բազմաթիվ նմանատիպ որակումները, սակայն, տեղին են իշխանության իրականացրած այն գործողությունների դեպքում, որոնք վերաբերում են Արցախի հանձնմանը, Հայաստանի անվտանգությանը, տապալված արտաքին քաղաքականությանը, այն ամենայնին, ինչն առնչվում է Հայաստանի պետական շահին, արտաքին և ներքին անվտանգությանը։ Բայց պատկերը բոլորովին այլ է այն գործողությունների դեպքում, որոնց նպատակը Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանության պահպանումն ու ամրապնդումն է և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտների վերացումը։ Ահա այս ուղղությամբ իշխանության քայլերը կրում են միանգամայն համակարգված, մտածված, հաշվարկված բնույթ, ինչում կարելի է համոզվել մի քանի նշանային օրինակներով։

 

Արցախի հանձնման և Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման մեջ կա դիալեկտիկական, կորելացիոն կապ։ Նա համաձայնել է հանձնել Արցախը՝ իշխանությունը պահպանելու նպատակով, կամ հակառակը՝ դեռևս պահպանում է իշխանությունը, քանի որ համաձայնել է Արցախի հանձնումին։ Բայց այնպես չէ, որ դա հեշտ իրագործելի նպատակ է, քանի որ, բնականաբար և բարեբախտաբար, այդ հակաազգային գործընթացը հանդիպում է դիմադրության՝ քաղաքական, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից։

Այդ դիմադրությունը կամ պայքարը, սակայն, լինելով ընդհանրական, այդուհանդերձ ունի խորհրդանշական դեմքեր՝ առնվազն մի քանի ոլորտներում, և այդ դեմքերը, ըստ էության, դարձել են հակաարցախյան պայքարի առաջամարտիկները։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը խիստ համակարգված ու հետևողական կերպով իրար հետևից փորձում է չեզոքացնել տարբեր ոլորտներում իրենց շուրջը պայքարի օջախ ստեղծող գործիչներին։

 

Զինվորականության դեպքում դա գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է, ով, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առջև զգաստ կանգնող բարձրաստիճան մի շարք հրամանատարների, համարձակվել է ընդդիմանալ իշխանության հակահայկական գործունեությանը, սկզբունքային լինել և հիմա՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հարուցված շինծու գործով գտնվում է անազատության մեջ։ Ի դեպ, երեկ Հակակոռուպցիոն դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, Տավուշն անառիկ պահած գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքը երկարաձգելու վերաբերյալ. Խաչատուրովը կալանքի տակ կմնա ևս 3 ամիս:

Ուղղակիորեն Արցախի հարցի հետ չկապված, սակայն կրկին իշխանությանը չենթարկվելու բերումով հետապնդումների են ենթարկվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ղեկավարներ, որոնցից ամենախայտառակը Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տևական անազատությունն է։

Դատական համակարգի դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը դեռևս չի հասել անհնազանդ դատավորների զանգվածային կալանավորումներին, թեև Սյունիքի մարզի դատարանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու նախադեպը կա, սակայն հիմա իշխանությունը զբաղված է դատական համակարգի հնազանդեցմամբ, ինչի շրջանակներում հուլիսի 3-ին ակնհայտ ապօրինի կերպով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ու նրա գործընկեր, ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համատեղ համառ ջանքերով, բոլոր հնարավոր օրենքների ու ընթացակարգերի խախտմամբ դադարեցվեցին ոչ կամակատար դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ով 12 տարի աշխատելով դատական համակարգում՝ որևէ տույժ անգամ չի ունեցել։

Նույն օրը դադարեցվեցին ևս 3 դատավորների լիազորություններ, ինչն աննախադեպ է առհասարակ աշխարհում: Ընդ որում, Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին ոչ թե մասնագիտական թերացումների կամ դատական ակտի հետ կապված բողոքի համար, այլ միայն այն պատճառով, որ վերջինս իրացրել էր խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքը:

Ավելի վաղ նույն պատճառով դադարեցվել էին նաև դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները: Այս և ևս երեք դատավորների բողոքները, ընդհանուր առմամբ 9 բողոք, ներկայումս ՄԻԵԴ վարույթում են գտնվում, և առաջիկայում վստահաբար ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանից վճիռների պակաս չի լինելու:

Տեղին է հիշել նաև, որ 2018թ. իշխանափոխությունից հետո իսկական արշավ սկսվեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դեմ, որն ավարտվեց իշխանությունների համար անցանկալի սկզբունքային դատավորների՝ ՍԴ-ից դուրսմղմամբ ու նրանց փոխարեն յուրային դատավորների նշանակմամբ: Այս պահին ՄԻԵԴ-ից իրենց վերաբերյալ վճիռներին են սպասում ՍԴ-ի 4 նախկին դատավորներ:

Նիկոլ Փաշինյանը խիստ անհանդուրժող է նաև հոգևոր դասի ինքնուրույն ու սեփական կարծիք ունեցող ներկայացուցիչների նկատմամբ։ Իհարկե, եկեղեցականների կալանավորմանը դեռևս իշխանությունը չի հասել, բայց ամենազազրելի մեթոդներով անվանարկում է իրեն ընդդիմացող ու մտահոգ տեսակետ ներկայացնող հոգևորականներին։ Ամենավառ օրինակը Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ պարբերաբար կազմակերպվող իշխանական բացահայտ ու ֆեյքային  գրոհներն են նրա յուրաքանչյուր հրապարակային խոսքից հետո։
Վերը նշված օրինակների թվարկման մեջ քաղաքական դաշտի, ընդդիմության դեմ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած ապօրինի պայքարի մասին վերջում հիշատակելը պայմանավորված է նրանով, որ այս ոլորտը, առավել քան մյուսները, նրա  հակապետական գործունեության դեմ պայքարի տեսանկյունից ունի համակարգաստեղծ, կանխորոշիչ, ուղղորդող նշանակություն՝ ինչի բերումով էլ դրանում տեղի են ունենում ամենախայտառակ իրադարձությունները։ Ամենավերջին և ամենացայտուն օրինակը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումն է, որն ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքական նշանակություն և ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի արցախահանձնման ծրագրի հետ։

Խավարասերը

Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության կողմից իրականացվող քաղաքական հետապնդումն ունի մի քանի ասպեկտներ՝ իրավական, ներքին քաղաքական և արտաքին քաղաքական։ Դրանցից յուրաքանչյուրի հետ կապված՝ իշխանությունն ունի խիստ որոշակի նպատակներ, ինչն էլ հանրագումարում Աշոտյանի անազատության մեջ գտնվելը Նիկոլ Փաշինյանի համար դարձրել է գերնպատակ՝ չնայած շինծու քրեական գործի շուրջ տեղական ու միջազգային աղմուկին, դրա բերումով Հայաստանի՝ առանց այդ էլ գահավիժած հեղինակությանը հասցված վնասներին ու «ժողովրդավարության բաստիոնի» վրա նետված ստվերին։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ թե ժողովրդավարական երկրի ղեկավար է, այլ դրա տրագիկոմիկ ստվերը, նա գերադասում է պետությունը հնարավորին չափ խորը ներքաշել դեպի քաղաքական խավար, ինչին էլ ծառայում է նաև Արմեն Աշոտյանի կալանավորումը։

 Ուղեղի լվացում

Արմեն Աշոտյանի դեմ դեռևս 4 տարի առաջ հարուցված քրեական գործն իրականում օրենքի ու արդարադատության նկատմամբ մեծագույն ծաղր է։ Այդ իմաստով գործի իրավական նրբությունների քննարկումն անգամ թեև ինչ-որ իմաստով ծառայում է իշխանության նպատակներին, քանի որ այդպիսով դիսկուրսը տեղափոխվում է իբրև թե օրենքի ու օրինականության դաշտ, սակայն անհրաժեշտ է՝ մերկացնելու համար այն իրավական ու իրավաբանական սնանկությունը, որը դրված է այս «գործի» փաստական հանգամանքների տակ:

Բովանդակային առումով, ինչպես Աշոտյանի դեմ հարուցված քրեական գործն ընդհանուր առմամբ, այնպես էլ նրա կալանավորման համար «հիմք հանդիսացած» ձայնագրությունների էժանագին շոուն հակաօրինականության ճչացող մոնումենտներ են, որոնք կարող են ներառվել իրավաբանության դասագրքերում «Ինչպես չի կարելի բռնաբարել իրավունքը» խորագրի ներքո։

4 տարվա ընթացքում իրավապահ մի մարմնից մյուսը դեգերած ու, ի վերջո, իր երրորդ հանգրվանին՝ Քննչական կոմիտե հասած գործի նախաքննության ընթացքում ընդամենը մեկ անգամ քննչական գործողության մասնակցած Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործի խայտառակ փնթիությունը, սակայն, չի հուզել Նիկոլ Փաշինյանին: Նրա համար կարևոր է եղել, որպեսզի Աշոտյանի դեմ գործ հարուցվի հատկապես «փողերի լվացման» ու այդ հոդվածը փոխլրացնող այլ հոդվածներով, քանի որ երևի նրան զեկուցել են, որ իր սիրելի միջազգային հանրությունը, հատկապես՝ արևմտյան շրջանակները, խիստ բացասաբար են վերաբերվում քաղաքական գործիչներին անգամ փողերի լվացման մեջ կասկածելու դեպքերին, և, որ դա Աշոտյանի համար հզոր ռեպուտացիոն հարված կլինի՝ մանավանդ իր եվրոպացի գործընկերների շրջանում։ Բայց հենց այստեղ Նիկոլ Փաշինյանի հաշվարկները տապալվել են, քանի որ եվրոպական շրջանակները, այդ թվում՝ Եվրոպայի ամենամեծ իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, ում «ուղեղները լվանալու» նպատակով Աշոտյանի դեմ հարուցվեց «փողերի լվացմանն» առնչվող գործը, խիստ բացասաբար արձագանքեցին ՀՀԿ փոխնախագահի կալանավորմանը՝ պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը։

Այս գործի՝ փուչիկ լինելու ճանապարհը շատ նման է նմանատիպ այն մյուս գործերին, որոնք հարուցվել ու հարուցվում են հետհեղափոխական Հայաստանում: Սկզբում՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների վերազանցման, կաշառքի ու նման հոդվածներ, կալանավորում կամ ազատ տեղաշարժի սահմանափակում, կամ երկուսը՝ միասին, ապա՝ տևական ժամանակ նախաքննություն, վերջում՝ քրեական գործի կարճում հանցակազմի բացակայության հիմքով, բայց դրանից առաջ՝ պարտադիր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդեն իսկ քաղաքացիական վարույթ: Նման օրինակները վերջին 5 տարիներին Հայաստանում քիչ չեն:

Հորդառատ շիթեր Նիկոլ Փաշինյանին՝ Բրյուսելյան արձանի հանգույն

Արմեն Աշոտյանի կալանավորմանն առաջինը արձագանքեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը.

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։

Իսկ ավելի վաղ, 2022թ. նոյեմբերին, մինչ Աշոտյանի կալանավորումը վերջինիս՝ Հայաստանից ելքի արգելքի կապակցությամբ կոշտ գնահատական էր հնչեցրել ԵԺԿ գլխավոր քարտուղար Տանասիս Բակոլասը՝ խստորեն դատապարտելով  ՀՀԿ փոխնախագահի՝ Հայաստանից Լիսաբոն մեկնելու արգելքը։ «Հայաստանի կառավարությունը չպետք է միջամտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչների ոչ մի հավաքի»,- հայտարարել էր նա։

 

2023թ. հունիսի 23-ին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)  խստորեն դատապարտեց Հայաստանի գործող իշխանությունների` քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: Միությունը, մասնավորապես, անդրադառնալով Արմեն Աշոտյանի հետ տեղի ունեցածին, կոչ արեց Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Արմեն Աշոտյանին կալանքից, անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր ձևերը՝ ներառյալ կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները, երկրից բացակայելու արգելքը և ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների իրավունքների սահմանափակումները.

«Հղում անելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության սկզբունքները պահպանելու մեր անսասան հանձնառությանը,

Խորը մտահոգությամբ նկատելով պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հալածանքը Հայաստանում ընդդիմության ականավոր առաջնորդների և հատկապես Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ,

Ընդունելով, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են ընդդիմության առաջնորդներին լռեցնելու արշավի մեջ՝ օգտագործելով դատական համակարգը՝ նրանց դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար, ինչպես Արմեն Աշոտյանի դեպքում է,

Խորապես անհանգստացած լինելով 2023 թվականի հունիսի 16-ի Արմեն Աշոտյանի անհիմն կալանավորմամբ՝ չնայած հիմնավոր ապացույցների իսպառ բացակայությանը, ինչը ցույց է տալիս այս կալանավորման հիմքում ընկած հստակ քաղաքական դրդապատճառը,

Խորը մտահոգություն հայտնելով Արմեն Աշոտյանի կալանավորման ընթացքում նրա ընտանիքին տեսակցության իրավունքից զրկելու վերաբերյալ,

Գիտակցելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ վախ սերմանելու իշխանությունների նպատակը՝ դրանով իսկ փորձելով ճնշել քաղաքական այլախոհությունը և լռեցնելով նրանց ձայնը։

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)

Խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների` քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է,

Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության վերոհիշյալ սկզբունքների պահպանման խիստ կարևորությունը,

Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Արմեն Աշոտյանին կալանքից,

Կոչ է անում կառավարությանը անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր ձևերը՝ ներառյալ կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները, երկրից բացակայելու արգելքը և ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների իրավունքների սահմանափակումները,

Կոչ է անում դատական համակարգի լիակատար անկախությանը՝ որպես երկրում օրենքի գերակայության հիմնասյուն,

Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց իրականացնել՝ ապահովելով արդարության գերակայությունը Արմեն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով,

Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հալածանքի այս մեթոդները,

Կոչ է անում այս բանաձևը փոխանցել Հայաստանի համապատասխան իրավասու մարմիններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին՝ հորդորելով նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման համար,

Կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին լայնորեն տարածել այս տեղեկատվությունը իրազեկվածության բարձրացման համար:

Բրյուսել, հունիսի 23, 2023թ»,- ասվում էր շատ կոշտ հայտարարության մեջ:

 

Այս հայտարարություններին հաջորդեց եվրոպական ամենամասշտաբային ու ազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) լակոնիկ, բայց հասցեական արձագանքը․

«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»։

Այս հայտարարությունը պարունակում է երկու արմատական ձևակերպումներ՝ «Հայաստանում հալածվող անձինք» և «անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին», որով եվրոպական քաղաքական ընտանիքի լոկոմոտիվ ուժը արձանագրում է Հայաստանում առկա ժողովրդավարության խայտառակ մակարդակը և կոչ է անում դադարեցնել ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ քաղաքական հետապնդումը։

Աշոտյանի կալանավորումը դատապարտող ու նրան անհաապաղ ազատ արձակելու կոչերով հանդես են եկել մի շարք այլ գործիչներ, որոնց թվարկումն ընդամենը կխորացնի այն մռայլ պատկերը, որում Հայաստանն իմիջային առումով հայտնվել է քաղաքական նպատակներով ընդդիմադիր գործչի կալանավորումից հետո։

Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու փաշինյանական քաղաքականության նկատմամբ միջազգային արձագանքն ունի աշխարհաքաղաքական հետաքրքիր ենթատեքստեր։ Դատապարտող հայտարարություններով ու անհապաղ ազատ արձակման կոչերով հանդես են եկել հիմնականում եվրոպական քաղաքական ընտանիքի անդամները, ինչը, ըստ ամենայնի, առավելապես պայմանավորված է Արմեն Աշոտյանի անձնական կապերով ու հեղինակությամբ։ Եվրոպական այս քաղաքական աղմուկը մինչդեռ ավելի հնչեղ է դարձնում Աշոտյանի կալանավորման հարցով մնացյալ Արևմուտքի՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ժպտադեմ լռությունը։ Ամերիկյան կողմից որևէ մակարդակով (Պետքարտուղարություն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն) որևէ արձագանք չի հնչել, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ամերիկյան քաղաքական ղեկավարությունը հաշտ է ամենաարմատական ընդդիմադիր գործչին չեզոքացնելու՝ Փաշինյանի հակադեմոկրատական քայլերի հետ, որովհետև Աշոտյանն իշխանությանը խանգարում էր ու է Արցախի հարցում իրականացնել այն, ինչը բխում է ԱՄՆ-ի շահերից։

 

Այս համատեքստում հատկանշական և տրագիկոմիկ նշանակություն է ստանում այն իրողությունը, որ նույն Արմեն Աշտոյանը՝ Հայաստանի ժողովրդավարության անկման վերաբերյալ իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում հղում է կատարում առաջին հերթին՝ ԱՄՆ Պետքարտուղարության, ամերիկյան քաղաքական հովանու ներքո գտնվող միջազգային իրավապաշտպան կառուցների զեկույցներին (այդ մասին Աշոտյանը հիշեցրել է նաև օրեր առաջ կալանավայրից Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին հղած նամակում), որոնցում պարունակվող գնահատականներից հետո ԱՄՆ պաշտոնյաների լռությունը դիտորդին համոզում է, որ ներկայումս ամերիկյան քաղաքականությունն իրականացվում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խորհրդանիշի ալեգորիկ նշանակության սկզբունքով։

Օրեր առաջ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նաև ուղերձով դիմեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, որը հետևողականորեն սատարում էր փաշինյանական ռեժիմի ողջ հակաժողովրդական քայլերը՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական էթիկան, խառնվելով ներքաղաքական կյանքին.

«Որպես մարդ, ով իր գործունեության վերջին 15 տարիները նվիրել է արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը և իրական եվրոպական քաղաքակրթական արժեքների հանրայնացմանը, պարտավոր եմ շեշտել, որ թե՛ Բրյուսելում, թե՛ ԵՄ անդամ երկրների քաղաքական, հանրային, հասարակական կյանքում կան բազմաթիվ սկզբունքային, արժեհամակարգ կրող, շիտակ և արդար գործիչներ, որոնք չեն վարանում խոսել և գործել ըստ հավատամքի, ըստ խղճի, ըստ բարոյականության, և ես խորապես շնորհակալ եմ իրենց, ինձ ծանոթ և անծանոթ մարդկանց, իսկական եվրոպացիներին: Դուք, տիկի՛ն դեսպան, նրանց շարքում չկաք: Եվ ինձ սփոփում եմ այն անխուսափելի իրողությամբ, որ Ձեր գործունեությանը տրված այս դառը, բայց ազնիվ գնահատականներս շատ երկար եք հիշելու, շատ երկար… Վայելեք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը»,- գրել էր Աշոտյանը:

Այս փաստերը՝ եվրոպական քաղաքական համայնքի ամենաազդեցիկ ուժի համարժեք արձագանքը և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ջատագով ԱՄՆ-ի լռությունը թույլ է տալիս ենթադրել, որ գուցե ԵԺԿ-ի հայտարարությունները ևս չլինեին, եթե խոսքը չվերաբերեր իրենց հետ սերտ մարդկային, քաղաքական ու աշխատանքային հարաբերություններ ունեցող Արմեն Աշոտյանին։ Այսինքն՝ հավաքական Արևմուտքը լայն իմաստով քաջալերում է Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդավարական, հակաիրավական քայլերը, պարզապես եվրոպական համայնքը՝ ավելի բարոյական գտնվելով՝ չի հանձնում իր գործընկերոջը, ինչը, սակայն, Նիկոլ Փաշինյանի վրա գրեթե ազդեցություն չունի, քանի որ նրան բացատրել են, թե հատկապես որ երկրի սեփական «շանորդիներին» է ներվում ամեն ինչ։

Ադեկվատ հասարակություն

Ի տարբերություն աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվող երկրների ու ազդեցության կենտրոնների, Հայաստանի հասարակությունը շատ ավելի համարժեք է գնահատում տեղի ունեցածը։ Դրա մասին են վկայում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումների՝ օրերս հրապարակված ցուցանիշները։ Այսպես, հարցին՝

«Ըստ Ձեզ՝  Արմեն Աշոտյանի կալանավորումը նրա  կողմից իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետևա՞նք է, թե՞ ոչ»,  հարցվածների ավելի քան 41 տոկոսը դրական է պատասխանել։ «Միանշանակ ոչ» պատասխան տվել է հարցվածների ընդամենը 19.8 տոկոսը, այն դեպքում, երբ հարցին դժվարացել է պատասխանել 26 տոկոսը: «Ես կարծում եմ՝ «դժվարացել է պատասխանել»-ի բարձր ցուցանիշը կապված է նրա հետ, որ այդ հերթական շոուն, որը մեզ ցուցադրեցին, շատ թյուր պատկերացում է տալիս, թե ինչ գործի մասին է խոսքը»,- անդրադառնալով «դժվարանում եմ պատասխանել» պատասխանի ցուցանիշին՝ ասել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ  Նավասարդյանը:

Այսինքն՝ ցուցանիշից իշխանական քարոզչության ֆիլտրման դեպքում, Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ համարողների թիվը հասարակության շրջանում կարող է հասնել 55-60 տոկոսի։ Սա վկայում է այն մասին, որ անգամ Աշոտյանի անձի նկատմամբ վերջին հինգ տարիներին վարվող կոշտ հակաքարոզչության, սև PR-ի պարագայում հասարակությունը նրա կալանավորմանը վերաբերվում է ոչ թե «նախկիններին հասնում ա» իշխանական նարատիվով, այլ միանգամայն համարժեք՝ այն գնահատելով՝ որպես մաքուր քաղաքական հետապնդում։ Տեղի ունեցածի գնահատման հարցում, համարժեքությամբ հանդերձ, հանրությունը դեռևս այնքան էլ ադեկվատ չէ իր իսկ գնահատականով կատարված արդարության դեմ պայքարին մասնակցության առումով, թեև դա մեծապես պայմանավորված է նաև քաղաքական, կազմակերպչական աշխատանքով։ Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի գրեթե ամեն օր իրականացվող ակցիաները տեղի են ունենում առավելապես ՀՀԿ-ի երիտասարդների ռեսուրսներով, այն դեպքում, երբ՝ հաշվի առնելով խնդրի հնչեղությունը և նշանակությունը, այն կարող էր և դեռ կարող է դառնալ ընդդիմության միասնական գործողությունների առարկա։

Համակարգերի ջլատում՝ անհատների մեկուսացմամբ

Ինչպես սկզբում նշվեց, Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության պահպանման և ամրապնդման հարցում առաջնորդվում է չափազանց հաշվարկված, մեթոդական և հետևողական կերպով՝ թքած ունենալով այն բոլոր բացասական հետևանքների վրա, որոնց  իր իշխանության պահպանմանն ուղղված քայլերի պատճառով կարող են բախվել Հայաստանի պետությունն ու պետականությունը։

Իշխանության կեղտոտ հաշվարկը հիմնված է մոտավորապես՝ «անհատների չեզոքացում-համակարգերի թուլացում» սխեմայի վրա։ Գրիգորի Խաչատուրովի կալանավորմամբ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ մեկուսացրել է նրան՝ որպես պայքարող անհատի, մյուս կողմից՝ զինվորականությանն ուղերձ է հղել այն մասին, թե ինչ կարող է պատահել բոլոր նրանց հետ, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ իր հակահայկական քաղաքականությանը։ Արդյունքը տեսանելի է՝ զինվորականությունը համր է իր ամենանվիրական ներկայացուցիչներից մեկի՝ Խաչատուրովի դեմ վարվող խայտառակ քաղաքական հետապնդման առնչությամբ, փոխարենը՝ լռության դիմաց առատորեն վարձատրվում է՝ կոչումներ ստանալով Վահագն Խաչատուրյանից։

Այսինքն՝ մեկ նշանային անհատի չեզոքացմամբ, Նիկոլ Փաշինյանը գոնե մինչ այս պահը լուծել է հսկայական համակարգի՝ զինվորականության լռության ապահովման խնդիրը։ Նույն մոդելը տարբեր դրսևորումներով կարելի է տեսնել նաև ՏԻՄ համակարգում, նույնը սպասելի է նաև դատական իշխանությունում։ Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի նկատամամբ քաղաքական հետապնդմանը, ապա, չնայած ի սկզբանե ունեցած հաշվարկին, դրանով Նիկոլ Փաշինյանը դեռևս լուծել է իր ամենաարմատական ընդդիմախոսին ընդամենը ֆիզիկապես ազատությունից զրկելու հարցը։ Նրա հաշվարկը չի արդարացել այն առումով, որ Աշոտյանը փոխել է զուտ գտնվելու վայրը, բայց ոչ հռետորաբանությունն ու քաղաքական խոսքի սրությունը։

Նա կալանավայրից էլ շարունակում է արձագանքել հանրային հնչեղություն ունեցող բոլոր հարցերին, հատկապես ու առավել ևս՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությանը։ Այլ հարց է, որ կալանավորմամբ տեխնիկական դժվարություններ են առաջացել Աշոտյանի համար, նվազել է նրա հրապարակային խոսքի հաճախականությունը, բայց բովանդակությունը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այդ իմաստով Աշոտյանի կալանավորումը հերթական անգամ ապացուցեց դասագրքային ճշմարտությունը, որ խոսքը, միտքը կարելի է սահմանափակել, դատապարտել, բայց լռեցնել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է հատկապես Արմեն Աշոտյանի կալանավորման քաղաքական ենթաշերտերին ու նպատակներին, ապա դրանք բազմաթիվ են։ Նախ, ինչպես նշվեց, Նիկոլ Փաշինյանն առնվազն սահմանափակել է Արցախի հանձնման հարցում իր ամենակոշտ ընդդմախոսի խոսքի հաճախականությունը, որը նրա համար այս փուլում կարող է խիստ կարևոր համարվել։ Բացի այդ, անփոխարինելի ինտելեկտուալ ու կազմակերպչական ռեսուրսից զրկել է կրկին իր ամենաարմատական ընդդիմադիր կուսակցությանը՝ ՀՀԿ-ին։

Զուգահեռաբար, Աշոտյանը զրկվել է իր միջազգային գործընկերների հետ հաղորդակցության հնարավորությունից, ինչն այս փուլում գուցե Նիկոլ Փաշինյանի համար կենսական կարևորություն ունի։

Հայաստանի իշխանության կողմից պաշտոնական խողովակներով հատկապես Եվրոպա հասցվող ադրբեջանական թեզերի ու նարատիվների համապատկերում, Աշոտյանն այն եզակի հայաստանյան քաղաքական գործիչներից էր, ով ամենօրյա կապի մեջ էր եվրոպական քաղաքական ընտանիքի բազմաթիվ ազդեցիկ անդամների հետ, և դրա շնորհիվ ամենատարբեր շրջանակների ուղերձ էր հղում, որ Հայաստանում Արցախի հարցում կա այլընտրանքային, պրագմատիկ, հաշվարկված, բայց միևնույն ժամանակ՝ արժանապատիվ տեսակետ, և, որ ամբողջ Հայաստանը չի համաձայնել Արցախի հանձնմանը, ինչպես արևմտյան մայրաքաղաքներում ներկայացնում են փաշինյանական էմիսարները։

Տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» ստորագրման նախաշեմին Աշոտյանի «միջազգային լռությունն» անգնահատելի նվեր է Նիկոլ Փաշինյանի համար։ Այդ իմաստով, Աշոտյանի կալանավորման ժամկետները, ըստ ամենայնի, մոդելավորված են հենց այդ պայմանագրի ստորագրման ժամկետների հետ։ Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը՝ սեփական կամակատար իրավապահներով ու դատարաններով, ամեն ինչ կանի ՀՀԿ փոխնախագահին անազատության մեջ պահելու համար, որովհետև Աշոտյանը պայքարում է Արցախի ինքնորոշման համար, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական իշխանության։ Իսկ դրանք, ինչպես ցույց է տալիս կյանքը և վերջինիս կողմից վարվող քաղաքականությունը, անհամատեղելի են ու փոխբացառելի։

Հեռանալիս չանիծես, կամ՝ երկտող ՆՓ.-ին

Արցախի հարցում փաշինյանական քաղաքականության դեմ պայքարում գործիչների մեկուսացումը՝ դրսևորման իմաստով լինելով տեղային, անհատական, իշխանության համար լուծում է համակարգային խնդիր։ Ֆորմալ իշխանական համակարգում գլխատելով հակակշռման ու փոխզսպման բոլոր համակարգերը, Նիկոլ Փաշինյանը վախ է զգում արտահամակարգային ուժերից ու անհատներից։ Դրանով են պայմանավորված  նրա թիրախային ոլորտները և դրանք ներկայացնող անհատները՝ զինվորականություն, քաղաքական համակարգ, դատական իշխանություն, ՏԻՄ մարմիններ, եկեղեցի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կազմաքանդում է պետության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության կենսական համակարգերը՝ պետականության փաստացի դադարեցման ակտի պահին հնարավոր դիմադրությունն ամբողջությամբ չեզոքացնելու նպատակով։

Բայց Նիկոլ Փաշինյանը, այս հարցում առաջնորդվելով մշակված ծրագրով, ի թիվս այլ գործոնների, չի հաշվարկել կարևորագույն մի  ռեսուրսի՝ հանրային մոբիլիզացիայի, հանրային ինքնակազմակերպման հնարավորությունը։ Իսկ դա հատկապես այնպիսի պայթյունավտանգ իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը, ցանկացած պահի կարող է զրոյացնել բոլոր հաշվարկները՝ Նիկոլ Փաշինյանի համար ապահովելով ոչ թե քաղաքական հալածյալի, այլ քրեաիրավական պատիժ կրողի երաշխավորված ու հավերժական հեռանկար։

Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալն

← Վերադառնալ ցուցակին