Ելույթներ և ուղերձներ

«Озверин»-ի նոր չափաբաժին՝ Հակակոռուպցիոն դատարանից. Աշոտյանը կմնա անազատության մեջ

15.08.2023

Այսօր լուսադեմին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, ևս երկու ամսով երկարաձգեց ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը: Ո՛չ դատարանի, ո՛չ դատավորի անունները, ո՛չ էլ, առավել ևս, նրա կայացրած վճռի հիմքերը տվյալ դեպքում կարևոր չեն: Իրականում ավելի ճիշտ է ասել, որ հայկական «տրոյկայի» դատարաններից մեկը դակեց Հայաստանում ամենահնչեղ գործով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու Նիկոլ Փաշինյանի հրահանգը, որի մեջ, իրավունքից ու օրինականությունից բացի, կա ամեն ինչ՝ վախ, սարսափ, նախանձ, վրեժխնդրություն, և այդպես շարունակ:

Այսպիսով, հերթական անգամ, բայց ավելի հիմնարար կերպով արձանագրվեց, որ Հայաստանի դատական համակարգը վերածվել է Նիկոլ Փաշինյանին «Озверин» մատակարարող հաստատության և իր կայացրած վճիռներով ապահովում է նրա հոգեկան հանգստությունը ու համարձակության իմիտացիան:

 

Արմեն Աշոտյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը, լինելով Հայաստանում քաղբանտարկյալների շքերթի դրսևորումներից մեկը, այդուհանդերձ նշանային իմաստ ունի և ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի հեղինակության վրա թքած ունենալու անսահմանությունը:

Աշոտյանի կալանավորմանն անդրադարձել ու նրան ազատ արձակելու պահանջով հանդես են եկել տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչներ, եվրոպական քաղաքական ուժեր՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության գլխավորությամբ, բազմաթիվ իրավապաշտպաններ՝ հայտարարելով, որ ՀՀԿ փոխնախագահը քաղաքական բանտարկյալ է, և նրա կալանավորումը մեծագույն վնաս է հացնում Հայաստանի ժողովրդավարության՝ առանց այդ էլ անդունդում գտնվող մակարդակին:

Պետության հեղինակության մասին մազաչափ անգամ մտածելու դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է ուժ գտներ՝ հաղթահարելու սեփական անձնային ու քաղաքական բարդույթները և գոնե չերկարացնելու Աշոտյանի կալանքը: Ընդ որում, Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում ոչ միայն եվրոպական քաղաքական ընտանիքը, այլ նաև հայ հասարակության շուրջ կեսը. «Գելլափի» վերջին, արդեն երկրորդ հարցումներով, հարցվածների շուրջ 45 տոկոսը գտնում է, որ Աշոտյանը քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով:

Բայց իր քաղաքական ընդդդիմախոսին անազատության մեջ տեսնելու ցանկությունը  Նիկոլ Փաշինյանի պարագայում ավելի ուժեղ է, քան Հայաստանի խարխլված պետականությանը գոնե ավելի մեծ վնասներ չհասցնելու տարրական գիտակցումը:
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու որոշումն ունի մեկ այլ նշանային իմաստ ևս: Այսօր բանտարկված է ոչ միայն Աշոտյանը՝ անձնապես, այլև քաղաքականությունը՝ լայն իմաստով:

Խոսքն իրական, ռացիոնալ քաղաքականության մասին է, որի ձայնը լռեցվել է իշխանության կողմից խրախուսվող իմիտացիոն քաղաքականության ու քաղաքական ռաբիսի աղմուկի մեջ: Դա ունի ողբերգական խորհրդանշականություն. Հայաստանում փողոցը տեղափոխվել է իշխանական առանձնասենյակներ, քաղաքական հարթակներ, իսկ իրական քաղաքականության կրողները՝ ազատազրկման վայրեր:

Հայաստանի փրկության, դեպի կործանում տանող ընթացքի կանխման բանալիներից մեկը, իսկ գուցե ամենակարևորը հենց այս խախտված իրականության վերականգնումն է. մինչև փողոցայինները չվերադառնան փողոց, իսկ քաղաքականությամբ զբաղվողները՝ քաղաքական հարթակներ, Հայաստանը շարունակելու է վարել փողոցային թափթփուկի կյանքը՝ դրանից բխող այնպիսի հետևանքներով, որոնք հնարավոր չի լինելու հաղթահարել անգամ ձիու չափաբաժնով «Озверин» ընդունելու դեպքում:

Հարություն Ավետիսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին