Ելույթներ և ուղերձներ

«2023 թ. ողբերգական էր Հայաստանի Հանրապետության համար. երկրում քաղաքական արմատական փոփոխություններ են պետք». Տիգրան Աբրահամյան

03.01.2024

 Նոր տարվա նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին խնդրել ենք ամփոփել անցնող անվտանգային տարին:

«2023 թվականը ողբերգական էր Հայաստանի Հանրապետության համար, որովհետև հայաստանյան իշխանություններն իրենց ավարտին հասցրեցին Արցախի հանձնման գործընթացը: Սա ոչ միայն մեզ համար հայրենիքի կորուստ էր, մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մեր հայրենակիցների բռնի տեղահանություն, հայրենազրկում, օջախներից զրկվել, այլ անվտանգային առումով տասնապատիկ մեծ սպառնալիք ՀՀ-ի համար, որովհետև Արցախը նույնիսկ իր վիրավոր կարգավիճակով Հայաստանի համար վահան էր: Եվ այդ ֆունկցիան մինչև վերջին պահը կատարում էր: Անվտանգության տեսանկյունից երկրորդ լրջագույն խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն են, որոնց ընթացքից ակնհայտ է դառնում, որ դա կամ բերելու է ՀՀ-ի համար նոր տարածքային կորուստների, կամ՝ նոր պատերազմի: Այսինքն, տարին փակում ենք անվտանգային լրջագույն սպառնալիքներով, որոնք նույնիսկ նախորդ տարվա համեմատ են կտրուկ աճել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Աբրահամյանը:

 
 

 

Ընդդիմադիր պատգամավորը 2023 թվականին ևս շատ հաճախակի այցելել է մարտական հենակետեր, դիրքեր, ուստի նրանից հետաքրքրվել ենք՝ 2023 թվականին ինչ արձանագրումներ է արել բանակին առնչվող՝ դրական և ոչ դրական:

«Տարբեր զորամասեր և առաջնագիծ իմ այցերի արդյունքում ինձ համար Զինված ուժերին առնչվող ամենակարևոր արձանագրումն այն է, որ հանդիպում եմ ծառայողների, որոնք գաղափարապես ուժեղ են, պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը, որոնք ծանրագույն պայմաններում իրականացնում են հայրենիքի պաշտպանի իրենց բարձր առաքելությունը: Ընդ որում, այդպիսի մարդկանց հանդիպում եմ և՛ ժամկետային, և՛ պայմանագրային զինծառայողների շրջանում, այդ թվում՝ սպայական կազմի, որոնք անկախ երկրում ստեղծված քաղաքական վիճակից, ադրբեջանական հոխորտանքներից և նոր սպառնալիքներից՝ մնում են սահմանին և իրենց ծառայությամբ ապահովում ՀՀ անվտանգությունը:Իսկ երկրի տեսանկյունից՝ որպես պետություն, հասարակություն, բոլորիս խնդիրը պետք է դառնա՝ ապահովել այդ զինծառայողների անվտանգությունը և բարձր դերը մեր հասարակության մեջ՝ սկսած կարգավիճակից, վերջացրած նրանց սոցիալական պայմաններով: Այլ հարց է, որ ՀՀ-ում չկա այնպիսի իշխանություն, որը կարողանա համարժեքություն ապահովել և թիկունք լինել սահմանին կանգնած մեր զինծառայողներին: Այն ամենը, ինչ եղել է այս 5 տարվա ընթացքում իշխանության կողմից, դրանք կրկնվող հոխորտանքներն են զինված ուժերի, զինծառայողների, սպաների նկատմամբ, նաև՝ ապօրինի հետապնդումներն և հայտարարությունները, որոնք վարկաբեկում են զինված ուժերը»,- նշել է Տիգրան Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է 2024 թվականի հետ կապված սպասելիքներին և ցանկություններին, ապա, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի, երկրին և ժողովրդին առնչվող ցանկությունները և լավատեսությունը կարող են պայմանավորված լինել միայն մի հանգամանքով, որ երկրում իրապես տեղի ունենան քաղաքական արմատական փոփոխություններ:

«Այսինքն, ՀՀ-ում ձևավորվի այնպիսի իշխանություն, որն իրականում պատրաստ է ստանձնել և կատարել մեր երկրի և քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը: Մի բան, որը վերջին 5 տարիներին բացակայել է և դարձել ոչ միայն տարածքային, այլև մարդկային հազարավոր կորուստների պատճառ: Առանց ՀՀ-ում քաղաքական իշխանության փոփոխության՝ մնացած ցանկություններն ու երազանքները մնալու են օդում կախված»,- ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին