Ելույթներ և ուղերձներ

ԲԴԽ-ում գիտակցում են՝ Արմեն Աշոտյանի կալանքը պրոբլեմ է. Դեպարտամենտի «պարզաբանման» մոտիվները

19.01.2024

 Հունվարի 17-ին՝ առավոտյան, Դատական դեպարտամենտն իր սոցհարթակային պաշտոնական էջերով «պարզաբանում» տարածեց այն մասին, թե ինչու է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ:

Մինչ Դեպարտամենտի տարածած «Պարզաբանման» բովանդակային «լոլոներին» անդրադառնալն ուշադրություն հրավիրենք դրա առաջին նախադասությանը՝  «Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը»:

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), փաստորեն, ընդունում են, որ Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումներ կան, և հատկապես դատական վերջին նիստից հետո, երբ դատավոր Վահե Դոլմազյանն Աշոտյանի կալանքը, չնայած առաջարկվող խափանման միջոցների բազմազանությանը (տնային կալանք, 40 միլիոն դրամ գրավ, վարչական հսկողություն և 15 հեղինակավոր անձանց երաշխավորություն), երկարաձգեց ևս 3 ամսով, հանրության շրջանում կասկած չմնաց, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

 

 

ԲԴԽ-ին ու նրա նախագահ Կարեն Անդրեասյանին դժվար թե կաշկանդեն հանրության շրջանում ծագած հարցերը, ուրեմն ինչո՞ւ, ո՞ւմ խորհրդով կամ հորդորով է Կարեն Անդրեասյանը հրահանգել տարածել նման «պարզաբանում», դժվար է ասել:

Երեկ Ազգային ժողով (ԱԺ)-Կառավարություն հարցուպատասխանից հետո Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորների հետ հարցուպատասխանը տեղադրում էր իր ֆեյսբուքյան էջում, ինչը նոր մարտավարություն է վերջինիս «զինանոցում», ինչի արդյունքում դաշտ նետվեց հակառուս ֆեյքերի նոր խմբաքանակ, սակայն դա կարծես սպասված էֆեկտը չտվեց: Այս առումով «կախիչ-դուշ-սանտեխնիկա-գլխարկ» շոուն ավելի տպավորիչ էր ու գոնե մի երկու օր զբաղեցրեց իր էլեկտորատին ու ոչ միայն:

Միգուցե հենց Նիկոլ Փաշինյանն էլ Կարեն Անդրեասյանին հրահանգել է նման մի բան տարածել՝ ևս մեկ անգամ հասարակական տրամադրությունները շոշափելու համար: Իսկ միգուցե եվրոպական խոշորագույն կուսակցական կառույցների ու քաղաքական միավորների՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) ու Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) կոշտ հայտարարություննե՞րն են՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության ու անձամբ Արմեն Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ, արդեն տեղ հասնում: Կամ միգուցե Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին այնքան էլ ըմբռնումով չեն մոտեցել իրենց հեղինակության՝ նման ձևով ու պայմաններում անտեսմանը հայաստանյան դատարանի կողմից:

Իսկ քանի՞ գործի վերաբերյալ է առհասարակ Դատական դեպարտամենտը պարզաբանում տարածում, որևէ մեկը հիշո՞ւմ է: Իսկ իրավունք ունի՞ արդյոք ԲԴԽ-ն փաստաբանություն անել Վահե Դոլմազյանի համար:

«Հրապարակված տեքստը նման է դատավոր Դոլմազյանի որոշումից քաղվածքի։ Այստեղ՝ հարց. ո՞ր մի որոշումից է այդ մեջբերումը՝ նախո՞րդ, թե՞ նոր։ Եթե՝ նախորդ, ապա այն այլևս հիմք չէ Արմեն Աշոտյանին անազատության մեջ պահելու համար։ Եթե՝ նոր, ապա այդ որոշումը մենք դեռ չենք ստացել, թեպետ ամենօրյա ռեժիմով զանգահարում ենք դատարան ու պահանջում տրամադրել որոշման մեր օրինակը»,- Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանի արձագանքն է Դեպարտամենտի տարածած «պարզաբանման» վերաբերյալ:

Այնպես որ, բոլորն ամեն ինչ հասկանում են. որոշ ժամանակ անց պարզ կլինի նաև այս «պարզաբանումը» տարածելու բուն մոտիվն ու պատվիրատուն: Իսկ մինչ այդ արձանագրենք՝ Արմեն Աշոտյանի կալանքը պրոբլեմ է, ու դա գիտակցում են նաև ԲԴԽ-ում:

Գոհար Սավզյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին