Վերլուծություններ

Հայկական քաղաքական կուսակցություններ. ներկայացվածությունը Եվրոպայում

16.03.2012

ՀՀ եվրաինտեգրումը բազմաչափ գործընթաց է, որը Հայաստանի եվրոպական ինտեգրման տարբեր ուղղություններ է ենթադրում, որոնցից մեկը քաղաքականն է: Որոշ հայկական քաղաքական ուժեր արդեն սկսել են եվրոպական համապատասխան կառույցներին ինտեգրման գործընթացը:
Այսպես, օրինակ, "Հայաստանի Համազգային Շարժումն" (ՀՀՇ) իր "լիբերալ-ժողովրդավարական" կողմնորոշմամբ հանդիսանում է Եվրոպական լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակության (ELDR) անդամ: ՀՀՇ-ի՝ վերջինիս միացման մասին որոշումը կայացվել է 2010թ. մարտի 12-ին կուսակցության ղեկավարության՝ Հռոմում տեղի ունեցած նիստի ընթացքում:
Եվրոպական լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակության մեջ է մտնում 56 կուսակցություն Եվրոպայի 30 երկրներից:

"Հայ Հեղափոխական Դաշնակցություն" (ՀՅԴ) Կուսակցությունը հետեւում է "ժողովրդավարական սոցիալիզմ" գաղափարախոսությանը: 1907-1960թթ. ՀՅԴ-ն եղել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ: 1996թ.-ից սկսած՝ այն շարունակում էր մասնակցել Սոցինտերնի աշխատանքներին՝ դիտորդի կարգավիճակով, 1999թ. ստացել է խորհրդակցական կարգավիճակ, իսկ 2002թ.-ին վերականգնել է այս կազմակերպության լիիրավ անդամությունը:
Սոցինտերնը Եվրախորհրդարանում ներկայացված է Եվրոպական սոցիալիստների
Կուսակցության՝ "Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինքի" խմբակցության միջոցով:

Հայկական "Ժառանգություն" կուսակցությունը ունի ազատական տնտեսական եւ կառավարման ժողովրդավարական համակարգի ուղղվածություն: Չնայած հայտարարված լիբերալ-դեմոկրատ գաղափարախոսությանը՝ այն ELDR անդամ չէ: Սակայն ընդդիմադիր "Ժառանգություն" կուսակցությունը ներկայացված է Եվրոպայում. վերջերս կուսակցությունը դիտորդի կարգավիճակով անդամակցեց Եվրոպական ժողովրդավարական կուսակցությանը:

"Հայաստանի Հանրապետական կուսակցությունը" (ՀՀԿ) ունի ազգային- պահպանողական, աջակողմյան ուղղվածություն: Հատկանշական է, որ ազգային պահպանողականությունը պահպանողականության տարատեսակ է, որն առավելապես կենտրոնացած է ազգային շահերի վրա, եւ, որպես կանոն ունի ավանդական սոցիալական եւ բարոյագիտական հայացքներ :
Շատ ազգային-պահպանողականներ սոցիալ-պահպանողականներ են եւ: Ընդ որում, ՀՀԿ արտաքին քաղաքական ծրագրերում էական տեղ ունի նաև եվրաինտեգրման գործընթացներն ու Հայաստան-Եվրոպա քաղաքական համագործակցությունը: 2012թ.-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դիտորդի կարգավիճակով անդամակցում է Եվրոպական Ժողովրադական կուսակցությանը:

"Օրինաց երկիր" Կուսակցությունը կենտրոնամետ գաղափարախոսություն ունի: Այն եւս վերջերս ստացել է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության դիտորդի կարգավիճակ՝ դառնալով Եվրոպայում ներկայացված 5-րդ հայկական կուսակցությունը:

"Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական միությունը" ներկայումս ՀՀ ԱԺ մաս չի կազմում, սակայն 2008թ.-ից այն ներկայացված է Եվրոպայում: 2008թ. հունիսից "Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական միությունը" Եվրոպական քրիստոնեական քաղաքական շարժման անդամ է:

Արմեդիա 

← Վերադառնալ ցուցակին