Հարցազրույցներ

Արտակ Զաքարյանի հարցազրույցը հունգարական ATV News հեռուստաալիքի atv.hu կայքին

22.09.2012

Հարգելի պրն. Զաքարյան,

Ես հունգարական հեղինակավոր ATV News ալիքի atv.hu կայքի օտարերկրյա նորությունների բաժնի խմբագիրն եմ: Շատ շնորհակալ կլինեի, եթե դուք, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատասխանեիք հետևյալ հարցերին:

Նախ և առաջ, ի՞նչ կարծիք ունեք Հունգարիայի արտգործնախարարի վերջին նամակի վերաբերյալ, որտեղ նա պնդում է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին Հայաստանի դեմ չէր ուղղված և այն չի կարող համարվել վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ: Իր նամակում նա նաև նշել է, որ Սաֆարովի արտահանձնումը «համապատասխանում է գործող միջազգային օրենքներին և նմանատիպ հարցերում Հունգարիայի ունեցած փորձին»: Մարտոնին պնդել է, որ արտահանձնումը բացառապես իրավական բնույթ է կրել:

Հարգելի պրն. Մոլնար, կցանկանայի շնորհակալություն հայտնել ոչ միայն Հայաստանի և Հունգարիայի համար նման նրբանկատ հարցի, այլև միջազգային հանրության մտահոգության առարկա հանդիսացող թեմայի շուրջ հարցազրույցի համար: Ցավոք այն, ինչ տեղի ունեցավ ամռան վերջին օրը հունգարական և ադրբեջանական իշխանությունների ամոթալի, ծածուկ գործարքի արդյուքնում՝ ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի մեծ ու տհաճ անակնկալ մատուցվեց աշխարհի քաղաքակիրթ մարդկությանը:
Ժողովրդավարական երկրներում դուք երբեք չեք հանդիպի մարդասանի` նման սարսափելի մեծարման: Գուցե իրավական տեսանկյունից արտահանձնումը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց հունգարական իշխանությունները Հայաստանին տված խոստումների համաձայն նաև պարտավորություն ունեին չանել այդ քայլը: Ինչպես հետագայում բացահայտվեց, Հունգարիայի վարչապետ Օրբանը՝ այս գործողությունների հեղինակը, նախապես գիտեր, որ Սաֆարովին պատրաստվում են ազատ արձակել և փառաբանել: Եվ ի՞նչ ստացավ նա՝ դատապարտող հայտարարություններ, միջազգային հանրության քննադատություն և մի հանգամանք, որ նա վստահելի գործընկեր չէ: Նրա քայլը զայրույթ առաջացրեց ոչ միայն Հայաստանում և Հունգարիայում, այլ ամբողջ աշխարհում: Նա պատճառ հանդիսացավ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման համար, մի երկրի, որի որդիները պայքարել են և զոհվել են Հունգարիայի համար: Մարտոնիի դիրքորոշումը չէր կարող տարբերվել վարչապետի տեսակետից: Սակայն իրականությունն այլ է:


Նրա մեկնաբանությունները կարծես թե հակասում են վարչապետի տեսակետին, քանի որ Վիկտոր Օրբանն ասել էր, որ նա ինքն է որոշում ընդունել ադրբեջանցի մարդասպանին իր հայրենիք վերադարձնելու վերաբերյալ և որ դրան հաջորդող իրադարձություններն անսպասելի չէին»: Օրբանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «մեր որոշումից հետո ոչ մի անսպասելի բան չի պատահել»:

Սա այն է, ինչ ես ասում էի: Վարչապետ Օրբանը խոստովանեց, որ տեղյակ էր, թե ինչ է կատարվելու, այնուամենայնիվ, նրանք դիմեցին այդ քայլին և կրում են պատասխանատվության իրենց բաժինը: Ամենավատն այն է, որ հունգարական կառավարությունը խախտեց և ոտնահարեց դատական իշխանության որոշումը՝ ազատ արձակելով դաժան մարդասպանին:

Հայկական լոբբին ամենահզորներից մեկն է համարվում ԱՄՆ-ում: Որոշ հունգարացի փորձագետների կարծիքով սա կարող է ազդել և լրջորեն ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա, քանի որ հայերն ավելի ակտիվ են ԱՄՆ-ում: Դուք հնարավո՞ր եք համարում, որ նրանք կարող են Հունգարիայի դեմ հակաքարոզչություն իրականացնել` վրեժ լուծելու Սաֆարովի հարցի համար:

Վարչապետ Օրբանի գլխավորությամբ՝ Հունգարիան կառավարությունն ուներ և ունի լուրջ խնդիրներ քաղաքակիրթ հանրության, իր սեփական դաշնակիցների հետ, իսկ այս քայլով ևս մեկ անգամ ապացուցվում է վարպապետ Օրբանի՝ այս անընդունելի գործողությունների հեղինակի, անբավարար պահվածքը: Ինչ վերաբերում է Հունգարիա-ԱՄՆ հարաբերություններին, ես չեմ կարող մեկնաբանություն տալ դրանց վերաբերյալ, բայց, միանշանակ, նախագահ Օբամայի և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից նույն օրը ստացված խիստ քննադատական հաղորդագրությունները խոսում են իրենց մասին: Այս քայլով հունգարական կառավարությունն աջակցել էր ադրբեջանական իշխանությունների վնասակար ջանքերին, որոնք ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ լուծման ջանքերին վնասելուն և խոչընդոտելուն: Եվ այս կործանարար մոտեցումը պետք է հետևանքներ ունենա նրանց համար, ովքեր նախաձեռնել և իրականացրել են այն:


Եվ գուցե ամենակարևոր հարցը: Մեր Արտաքին գործերի նախարարության և վարչապետի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Հունգարիան «պատրաստ չէ» ներողություն խնդրելու հայ ժողովրդից: Ի՞նչ եք դուք կարծում առանց մեր կողմից պաշտոնական ներողության մեր երկու ժողովուրդները կարո՞ղ են հաղթահարել այս կոնֆլիկտը:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ է տածել Հունգարիայի և նրա ժողովրդի հանդեպ, որն ապաստան է տվել, դարձել է երկրորդ հայրենիք մեր հայրենակիցների համար, ովքեր փրկվել են ցեղասպանությունից 20-րդ դարի սկզբին: Ինչպես արդեն նշել եմ, որոշ հայեր նշանավոր դեմքեր են Հունգարիայում, և այժմ սփյուռքահայությունն օժանդակում է Հունգարիայի զարգացմանը: Այս անարգալից արարքից հետո հայկական դեսպանատունը հունգարացիներից ստացավ աջակցության և ափսոսանքի հազարավոր նամակներ, և մենք շատ բարձր են գնահատում այդ ամենը: Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ, մենք կվերականգնենք կասեցված հարաբերությունները և ինչքան շուտ այնքան լավ, սակայն դրա համար մենք կոնկրետ քայլեր ենք ակնկալում հունգարական կառավարությունից, որպեսզի վերականգնենք վստահությունը, որը կորել էր Հունգարիայի վարչապետի ամոթալի արարքից հետո: Ներողությունը կարող է լինել այդ քայլերից մեկը:

Ձեռնարկելո՞ւ եք որևէ նոր իրավական, քաղաքական քայլեր`հակադրելու Բուդապեշտի որոշմանը:

Մենք քննարկում ենք իրավական գործողությունների մի քանի տարբերակներ, և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, ենթադրում եմ հայկական կողմը կնախաձեռնի դրանք:

Շնորհակալություն ժամանակ հատկացնելու և հարցերին պատասխանելու համար:

Լ. Մոլնար
atv.hu 

← Վերադառնալ ցուցակին