Լուրեր

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2012

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915 թ-ի Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճրի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անմար կրակի մոտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, պաշտոնատար անձինք գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Անմար կրակի մոտ պսակներ դրվեցին նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների, քաղաքական ուժերի, ուսումնական հաստատությունների, գիտնականների, արվեստի գործիչների, հասարակական կազմակերպությունների անունից:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բացվել է 1967թ. նոյեմբերի 29-ին. ավելի քան չորս տասնամյակ այն ընդունում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար այցելող հայերին ու օտարերկրացիներին: 1995 թ-ին բացված Հայոց ցեղասպանության թանգարանում պահվում են պատմական արյունալի դեպքերի վավերագրերը:

← Վերադառնալ ցուցակին