Լուրեր

Աշխատանքային քննարկում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում

10.10.2012

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպեց քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորման` Հանրային ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կորյուն Նահապետյանը բարձր գնահատեց չորրորդ գումարման Ազգային ժողովի եւ Հանրային ցանցի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, բայց առավել կարեւորեց տարբեր ձեւաչափերով իրական, առարկայական ու նպատակաուղղված համագործակցության ակտիվացումն ու շարունակականությունը: Նա պատրաստակամություն հայտնեց` ամեն ինչ անելու, որ համագործակցությունը լինի առավել սերտ ու արդյունավետ: Այդ առումով կարեւորվեց Հանրային ցանցի` հանձնաժողովին վերապահված ոլորտներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, խորհրդարանական լսումներին, տարբեր հիմնախնդիրներին վերաբերող համատեղ քննարկումներին, որտեղ նրանք հանդես կգան հիմնահարցերի լուծման իրենց առաջարկներով: Օգտակար կարող են լինել նաեւ հանրությանը, հետեւաբար նաեւ հասարակական կազմակերպություններին հուզող հարցերի վերաբերյալ կատարվելիք հետազոտություններն ու վերլուծությունները, որոնք հնարավորություն կտան գտնելու արդյունավետ լուծումները:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետային կապի ներկա պայմաններում փոխհամաձայնեցված ամենօրյա աշխատանքի կազմակերպումը պայմանավորված է լինելու առավելապես աշխատելու ցանկությամբ, առկա խնդիրները լուծելու պատրաստակամությամբ ու հետեւողականությամբ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք առավելապես վերաբերում էին զինվորական ծառայությանը, բանակում տեղի ունեցող արատավոր երեւույթներին, ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինվորներին հաշմադամության կարգ տալու մեխանիզմներին ու դրանց վերանայմանը:

Կորյուն Նահապետյանն առաջարկեց բոլոր բարձրացված հարցերը ներկայացնել գրավոր հիմնավորումներով, որոնք համապատասխան օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հիմք կարող են դառնալ: 

← Վերադառնալ ցուցակին