Լուրեր

Տարոն Մարգարյան. «Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին»

29.06.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին:


«Հանրապետության Նախագահի կողմից եղավ առաջարկ` բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում իրենց կյանքի գնով մեր սահմանները պաշտպանած բոլոր այն տղաների ընտանիքներին, ովքեր ունեն բնակարանային խնդիր: Օրերս Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքը նույնպես ապահովելու բնակարանով: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Հավերժ փառք մեր հերոս տղաներին», - ընդգծել է քաղաքապետը:


Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում, շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
Բնակարանի բանալիներն ստանալուց հետո Գրիգոր Հարությունյանի ընտանիքի անդամները, քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են իրենց նոր բնակարան և ծանոթացել պայմաններին: 

← Վերադառնալ ցուցակին