Լուրեր

Վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ

03.08.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Վարչապետը նախ Կարճաղբյուր համայնքում ծանոթացել է Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող ձկնաբուծարանի հիմնման աշխատանքների ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացրել Սևանա լճում տեղակայված մանրաձկան 5 ցանցերը, որտեղ արդեն իսկ բաց է թողնվել 32 տոննա մանրաձուկ: Առաջիկայում լճում տեղակայվելու է ևս 7 ցանց, որտեղ բաց կթողնվի լրացուցիչ քանակի Գեղարքունի տեսակի իշխանի և Ամառային իշխանի մանրաձուկ: Կարճաղբյուրում վարչապետն այցելել է նաև Սևանի իշխանի վերամշակման գործարան, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին: Տեղեկացվել է, որ գործարանի կառուցման շինաշխատանքները մոտենում են ավարտին, իսկ վերամշակված ձուկն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան և միջազգային այլ շուկաներ: Վարչապետը կարևորել է ձկան արտադրության ծրագրի իրականացումն ու Սևանի իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ակունքի «Էկոկաթ» պանրի գործարան, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել արտադրական գործընթացն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2005 թվականից հիմնված գործարանում արտադրվում է պանրի լայն տեսականի, որի հիմնական մասն իրացվում է տեղական շուկայում, արտահանվում է նաև Ռուսաստան: Գործարանում, որն ունի 40 աշխատատեղ, տեղադրվել են նաև ժամանակակից սարքավորումներ: Գործարանն ընդլայնելու և արտադրական հզորություններն ավելացնելու նպատակով նախատեսվում են կատարել նոր ներդրումներ: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրի իրականացմանն օժանդակելու հարցը:
Հովիկ Աբրահամյանն այցելել է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն և ծննդատուն, ծանոթացել առկա պայմաններին: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին՝ քննարկել Մարտունու ԲԿ-ի պայմանների բարելավման հնարավորությունները և համապատասխան առաջարկներ ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև անհրաժեշտ միջոցներ հատկացնել ծննդատան որոշ խնդիրների լուծման նպատակով:
Հովիկ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզ այցն ավարտել է Գավառում: Վարչապետը նախ եղել է քաղաքի Հացառատ թաղամասում գործող մանկապարտեզում, որն ունի հիմնանորոգման կարիք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է իրականացնել նախակրթարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ և ծրագիրը ներառել 2017 թվականի ՀՀ պետական բյուջեի ծրագրում: Մանկապարտեզի տանիքի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն այս տարվա ընթացքում: Վարչապետն այցելել է Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն՝ ծանոթացել վերակառուցման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ թատրոնի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ներդրվել է 405 մլն դրամ: Վարչապետին է ներկայացվել նաև Գավառի կենտրոնական պուրակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այդ նպատակով հատկացվել է 120 մլն դրամ:

 

 

← Վերադառնալ ցուցակին